Հայաստանում նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդնել 2023 թվականին: Ավելի վաղ ծրագրվում էր, որ դա կսկսի գործել 2021 թվականից, բայց կորոնավիրուսի համավարակը, իսկ հետո էլ պատերազմը հետաձգեցին այդ ուղղությամբ աշխատանքները:
Առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ նպատակ է հետապնդվում առողջապահական ծառայություններն առավել հասանելի ու մատչելի դարձնել բնակչությանը:
Սամվել Խարազյան, ԱՆ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ - Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆինանսական պատճառներով բնակչության մոտ 17 տոկոսը չի դիմում բժշկի, նույնիսկ առողջության առաջնային պահպանման բժշկի: Նրանք խուսափում են հետագա հնարավոր ծախսերից: Իսկ մի մեծ մաս, մոտավորապես 56 տոկոսը, ինքնաբուժմամբ է զբաղվում, որը, մեր գնահատմամբ, ֆինանսական խնդիրների պատճառով բժշկի չդիմելու հետ է կապված:
Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը փաստում է՝ ապահովագրության նպատակներից է նաև բնակչության ֆինանսական պաշտպանվածությունը, որովհետև թանկարժեք բուժում պահանջող հիվանդությունները մարդանց ստիպում են պարտք վերցնել, վարկ վերցնել, անշարժ գույքը վաճառել: Բնակչության 6 տոկոսն այս ամենի հետևանքով աղքատանում է:
Ի սկզբանե քննարկվում էր, որ ապահովագրավճարը կազմելու է եկամտի վեց տոկոսը: Այժմ նախատեսվում է, որ դա հավասարաչափ կբաշխվի աշխատողի և գործատուի միջև:
Սոցիալական այն խմբերի համար, որոնց անվճար բուժօգնությունը պետությունն այժմ երաշխավորում է, պարտադիր ապահովագրության համակարգը ներդրվելուց հետո էլ կհոգա ապահովագրավճարների հարցը: Դա վերաբերում է նաև թոշակառուներին ու երեխաներին: Այս խմբերը կազմում են բնակչության գրեթե 50 տոկոսը:
Նրանց առաջարկվող ապահովագրական փաթեթները, սակայն, մյուսներից չեն տարբերվի և չեն ներառի սահմանափակ ծառայություններ:
Սամվել Խարազյան - Սա սոցիալական արդարության ու համերաշխության վրա հիմնված մոդել է, որը ենթադրում է, որ հասանելի կլինեն բոլոր ծառայությունները՝ բոլոր մարդկանց համար:
Նախատեսվում է, որ առողջության պարտադիր ապահովագրություն ունեցող բնակչությանն առաջարկվող փաթեթը ներառելու է հիմնական առողջապահական ծառայությունները:
Սամվել Խարազյան - Այդ ծառայություններն ընտրվել են, ընդհանուր առմամբ, կոմպլեքս բուժօգնություն տրամադրելու տեսանկյունից, այսինքն՝ նրանք չեն ընտրվել զուտ իրենց ցածր արժեք ունենալու տեսանկյունից: Մոտեցումը եղել է ավելի ինտեգրված ծառայությունների մակարդակով:
Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը, որ արդեն մեկ տարի մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, այդ երկրում առողջության ապահովագրության մեծ փորձ ունի: Որպես բժիշկ՝ վճարել է եկամտի 20 տոկոսը, թեպետ ասում է՝ այլ դեպքերում ապահովագրավճարը 10 տոկոս է կազմում: Կնոջ օրինակով է համոզվել ապահովագրության համակարգի արդյունավետության հարցում: Ասում է՝ ինքը հարուստ մարդ է և ի վիճակի կլիներ վճարել քաղցկեղով հիվանդ կնոջ բուժման համար, բայց ապահովագրության շնորհիվ որևէ ծախս անելու կարիք չի եղել:
Գևորգ Աբգարյանը կարևոր է համարում, որ Հայաստանում էլ առողջության ապահովագրությունը ներդրվի երեք հիմնական ու փոխկապակցված սկզբունքների պահպանմամբ՝ որակյալ բուժօգնություն, դրա դիմաց համարժեք փոխհատուցում ու խիղճ, ինչպես Ֆրանսիայում է:
Գևորգ Աբգարյան, ֆրանսահայ բժիշկ - Ուզում ենք լավ բուժել հիվանդներին, անվճար, խղճով: Սա շատ կարևոր է:
Բժիշկն օնկոլոգիական բաժանմունքում է աշխատում: Նկատել է, որ ուռուցքաբանության ասպարեզում, երբ բուժգնության որոշ տեսակներ անվճար են դարձել, դիմելիությունը մեծացել է: Նա միևնույն ժամանակ փաստում է, որ շատերը չեն դիմում հիվանդության ախտորոշման համար՝ փողի բացակայության պատճառով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան