Երկուշաբթի օրվանից 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներից 13-ի մայրերը, կանայք կսկսեն աշխատել որպես Երևանի տարբեր համայնքների սոցիալական աշխատողների հավասար խորհրդատուներ: Այդ կանայք օգնելու են իրենց նման այլ՝ որդեկորույս ընտանիքների՝ հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրել: Կադրում նրանց մասնագիտական վերապատրաստման վերջին դասընթացն է:
Ամեն ինչ սկսվեց Կարինեի նախաձեռնությունից: Նա պատերազմի ժամանակ հերոսացած Եղիկյան Վահեի մայրն է: Որդու մարմինը հայտնաբերվելուց հետո որոշել է մի կազմակերպություն հիմնել:
Այսպես, «Հավերժ» հասարակական կազմակերպության շուրջ համախմբվել է 200 որդեկորույս մայր, ամուսնուն կորցրած կին, եղբորը կորցրած քույր, բայց հասկացել են, որ մասնագիտական աջակցությունն այստեղ շատ կարևոր է:
Այս պարագայում, միաժամանակ, լուծվում է և՛ այս կանանց զբաղվածության հարցը, որ ինչպես մասնագետներն են վկայում կօգնի սթրեսը հաղթահարել, և՛ համայնքների սոցիալական աշխատողների բեռն է թեթևանում: Հարազատ կորցրած ընտանիքներն ավելի են վստահում և ավելի շուտ են վստահում իրենց ճակատագիրն ունեցողներին: Այսպես, այդ ընտանիքների խնդիրներն ավելի արագ են վերհանվում, և համայնքը կարողանում է ճիշտ՝ հասցեական աջակցություն տրամադրել:
Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, Հոգեկան բարեկեցության կնտրոնի և Հոգեբույժների ասոցիացիայի համատեղ ջանքերով: Ի սկզբանե դասընթացին մասնակցելու ցանկություն էր հայտնել հարազատ կորցրած 60 կին, նրանցից սերտիֆիկատ է ստացել 13 կին:
Ծրագիրն առայժմ պիլոտային է: Մինչև տարեվերջ կուսումնասիրվի արդյունավետությունը և հաջողության դեպքում նույն պրակտիկան նաև մարզերում կկիրառվի: