Տեղական կազմակերպությունների ու սփյուռքի համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան տիտանե իմպլանտներ, հոդային գլխիկներ ու պրոթեզներ՝ վերջույթները կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Թվային դիագնոստիկ կենտրոնի և Հիբրիդ լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Հիմնադիրները վստահեցնում են՝ բավարար է միայն, որ վիրավոր զինծառայողը կամ նրան վիրահատած կլինիկան դիմեն իրենց՝ ոսկրային վնասվածքը վերականգնելու համար անհրաժեշտ տիտանե դետալները անվճար ստանալու համար, որը նախնական վիրահատության հաջորդ փուլն է:
Կարեն Կարապետյան (թվային դիագնոստիկ կենտրոնի համահիմնադիրներից) - Իրենք մեզ ուղարկում են ԿՏ-ները, ԿՏ-ի վրա մենք դիզայն ենք անում, դեֆեկտը վերականգնում ենք ամբողջությամբ: 3D մոդելավորումով ուղարկում ենք, բժիշկը տեսնում է՝ այդ ամեն ինչը լավ է, դեֆեկտի մասը աճեցնում ենք պլաստմասսայից:
Կենտրոնները իրենց համագործակցությունը սկսել են մինչև բացման պաշտոնական արարողությունը, և 11 վիրավոր զինծառայող արդեն ստացել է նրանց աճեցրած տիտանե դետալները՝ բարելավելով կյանքի որակը և ապահովագրելով պրոթեզների հետագա դեֆորմացվելուց ու դրա հետևանքով առաջացող խնդիրներից:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նկատում է, որ ծրագրի իրագործման մեջ սփյուռքը կարևոր դեր է խաղացել. մասնակից է թե ֆինանսավորման, թե գաղափարի առաջ բերման և թե իրագործման գործում:
Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Հիանալի մի օրինակ է, թե ինչպես համագործակցաբար մեր հայրենակիցները կարողացել են լավ բան ստեղծել երկրի համար, մի բան, որը տեխնոլոգիապես մեզ առաջ է տանում մի քայլ, և հնարավորություն է ստեղծում տեղում լուծել առողջապահական այնպիսի խնդիրներ, որոնք ամիսներ առաջ անհնար էր անել:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ևս կարևոր է համարում Հայաստանում այսպիսի կենտրոնների գործունեությունը:
Արտակ Ջումայան (առողջապահության նախարարի տեղակալ) - Կենտրոնի բացումը շատ կարևոր է հանրապետության մասշտաբով, մանավանդ հետպատերազմական շրջանում, ունենալով բազմաթիվ վիրավորներ, մենք կարող եք արդեն արձանագրել, որ կենտրոնը 11 զինվորի օգնել է, և իրենք լիովին ապաքինվել են, դա շատ մեծ աշխատանք է, բայց ամեն դեպքում հասկանում ենք, որ դա վերջը չէ, և պիտի շարունակենք աջակցել մեր զինվորներին:
Առողջապահության նախարարի տեղակալը նշում է, որ վիրավոր զինծառայողներին աջակցությունը շարունակական է լինելու:
Հեղինակ՝ Աննա Զախարյան