Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Թեկնածուներից մեկը Հրաչ Այվազյանն է: Իր ելույթում Այվազյանն անդրադարձավ ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կարգին:
«Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության նախատեսված ձևաչափը երբեմն քննադատվում է՝ թիրախավորելով այն, որ նշանակման այս մեթոդները քաղաքականացման և իշխանական մյուս թևերից կախվածության վտանգ են պարունակում, սակայն ընտրության իրավասության այս ձևաչափը խորհրդարանին վերապահելը ընդգծում է խորհրդարանական կառավարման ժողովրդավարական ձևն ու նշանակությունը:
Մասնավորապես քվեարկությամբ հավանական թեկնածուի ընտրությունը ժողովրդավարության և օրինականության ինստիտուտային լրացուցիչ քվեով հավելյալ վստահություն է հաղորդում՝ ամրապնդելով դատական իշխանության նշանակությունը»,- ասաց Այվազյանը:
Այվազյանի խոսքով՝ դատական իշխանության դերի և նշանակության պատշաճ որակի հասնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետք է վերանայել դատարաններում առկա ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված միջոցառումների իրականացումը և ապահովել անհրաժեշտ լուծումների շարունակական արդիականացումը: