Խաղողի մթերման գործընթացին և դրան առնչվող խնդիրներին ծանոթանալու նպատակով Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան» է այցելել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյան, ՀՀ փոխվարչապետ - Ուզում եմ հասկանալ՝ խաղողի ընդունման պրոցեսն ինչպես է ընթանում, այսինքն՝ հերթագրումը, ընդունման հերթականությունը, պայմանագրի առկայությունը, բացակայությունը: Ինչպես է լինում, որ լուրեր են հասնում, թե մարդիկ օրերով հերթի մեջ են, բերքը փչանում է ու դրա արդյունքում գինն իջնում է:
Գործարանի հիմնադիր տնօրենը Սուրեն Պապիկյանին հավաստիացրել է՝ բերքի որակի իջեցումը չի ազդել գնի նվազման վրա:
Արմեն Գասպարյան, Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն - Ո՞ւմ գինն են իջեցրել, ասել են խաղողդ շատ է կանգնել, իջեցրել են: Քաղցրությունը չափում են, եթե ինչ-որ բան այն չէ, միանգամից գրադուս են չափում, եթե գրադուսը մեջն է, խնդիր չի լինում, ընդունում ենք:
Գործարանը գյուղացիներից խաղողը գնում է կոնյակի տեսակի մեկ կիլոգրամի համար վճարելով 115, իսկ գինու տեսակի համար՝ 150 դրամ: Խաղողագործներին չեն բավարարում նաև այս պայմանները:
Գործարանում շրջայցի ընթացքում բարձրաձայնված խնդիրներն առաջիկայում նախատեսվում է քննարկել խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: