2020-ին սուբվենցիոն ծրագրով մեկնարկել ու 2021-ի գարնանը ավարտին է հասցվել Ջերմուկում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքը: Այս կայաններն են ապահովում Ջերմուկի ճոպանուղու աշխատանքը: Եվ ոչ միայն. արևային կայանները նաև համայնքին եկամուտ կբերեն. Տարեկան 20-25 մլն դրամի չափով:
Վարդան Հովհաննիսյան (Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար) - Քաղաքը ամբողջովին լուսավորված է, մոտ 2500 լուսատուով: Նախորդ տարիներին մինչև կայանը տեղադրելը հոսանքը մինչև ժամը 1-ն էր միացրած, բայց հիմա մեր քաղաքի լույսերը մինչև առավոտ չի անջատվում որպես տուրիստական քաղաք
Պարծենում են՝ Ջերմուկի արևից անջատվող էներգիան շատ է ու հզոր: Դրա համար էլ 15 և 20 կՎտ հզորությամբ կայաններ համայնքի երաժշտական դպրոցի ու Կեչուտի մանկապարտեզի տանիքներին են տեղադրել, 30 կՎտ հզորությամբ կայան էլ՝ «Զատիկ» մանկապարտեզի տանիքին: Սուբվենցիոն ծրագրով նաև մանկապարտեզի բակն են կարգի բերել: Երեխաների համար ձմեռային այգի են կառուցել:
Վարդան Հովհաննիսյան - Վերջին 2-3 տարիների ընթացքում ահռելի աշխատանքներ են իրականացվել սուբվենցիոն ծրագրերով, որից կարող եմ շեշտել՝ հիմնովին վերանորոգվել է մեր սպորտդպրոցը, վերանորոգել ենք մանկական զարգացման կենտրոնը:,
Մանկական զարգացման կենտրոնի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 30 մլն 247 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը՝ 10 մլն 586 հազար, պետությանը՝ 19 մլն 660 հազար դրամ է։ Կահավորումից հետո կենտրոնը կընդունի երեխաներին։
Վարդան Հովհաննիսյան - Շատ կարևոր խնդիր էր մեզ համար մանկական զարգացման կենտրոն ստեղծելը, որովհետև նախորդ տարիներին մոտ 40-50 երեխա 50 կմ գնում էին Վայք, որ մասնակցեին մանկական զարգացման ծրագրերին: Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին ստեղծեցինք մեր կենտրոնը: Էս տարի մենք ավարտեցինք կենտրոնի կառուցման աշխատանքը, որը կսպասարկի շուրջ 200 երեխայի:
2020-ին Ջերմուկ խոշորացված համայնքում իրականացված սուբվենցիոն 5 ծրագրերի ընդհանուր արժեքը 365 մլն 839 հազար դրամ է՝ 187 միլիոնը պետության, 113-ը՝ համայնքի ֆինանսավորմամբ: Ծրագրերը համայնքն իրականացրել է 301 միլիոնով, 60 միլիոնը խնայել է: Այս տարի իրականացվում է սուբվենցիոն 2 ծրագիրը՝ 69 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:
Սուբվենցիոն ծրագրով «Ջերմուկ» կուրորտային թաղամասում ասֆալտապատվել է 4 բակ, Ձախափնյակ թաղամասում՝ 2-ը: Նաև սուբվենցիոն ծրագրի շնորհիվ նախորդ տարվանից զբոսաշրջային քաղաքում ակտիվացել է մարզական կյանքը:
Վարդան Հովհաննիսյան - Հիմնովին, կարելի է ասել՝ մենք սպորտդպրոց չենք ունեցել, հիմնովին վերանորոգել ենք:
Արդեն մի քանի մարզաձևերի խմբակներ ունեն: Համայնքի բնակիչները հատկապես ակտիվ են բռնցքամարտի ու մարտեր առանց կանոնների մարզաձևերում: Իսկ ֆիթնեսի ակտիվորեն հաճախում են կանայք:
Գոռ Թադևոսյան («Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Պադվալային վիճակ էր, էսքան մասն էր ընդամենը, բայց պարապում էին, ինչքան որ հնարավորություն ունեինք: 2018-ից վերակառուցում սկսվեց, ավարտեցինք 2020-ին: Էս պահին էս վիճակն է, դուք էլ եք տեսնում՝ շատ բարվոք, ու ամեն ինչ արել ենք, որ նպաստի երեխաների պարապելուն:
Բարեկարգել են սանհանգույցներն ու հանդերձարանները: Բոքսի ու մարտեր առանց կանոնների սպորտաձևերի պարապմունենքներն անվճար են:
Գոռ Թադևոսյան - Իսկ ֆիթնեսից օգտվում են և՛ Կեչուտից, և՛ Գնդեվազից: Ընդամենը 1000 դրամ օրական պարապունքը, իսկ եթե բաժանորդագրվում են՝ 12 հազար դրամ 1 ամսվա համար:
Քաղաքում այս պահին սուբվենցիոն ծրագրով ընթանում են Արցախյան պատերազմում զոհված մարտիկների հուշահամալիրի կառուցման աշխատանքները: Իրենց կյանքը չխնայած հայորդիների պանթեոնը պատշաճ տեսքի բերելու համար համայնքն ու պետությունը ոչինչ չեն խնայում: