2021 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 15.1 տոկոսով: Մասնավորապես՝ արտահանումն աճել է 23.2 տոկոսով՝ հասնելով 1 մլրդ 641 մլն 517 հազար դոլարի, իսկ ներմուծումը՝ 10.6 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 664 մլն 878 հազար դոլարի:
Արտահանման առաջատար ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը, այս ուղղությամբ արտահանումն աճել է 34.6 տոկոսով՝ կազմելով 450 մլն 969 հազար դոլար: Երկրորդը Չինաստանն է, այս ուղղությամբ արտահանումն աճել է 98.2 տոկոսով՝ հասնելով 250 մլն 210 հազար դոլարի: Երրորդ տեղում Շվեյցարիան է, որի ուղղությամբ արտահանման ծավալները, սակայն, նվազել են 30.3 տոկոսով՝ դառնալով 191 մլն 319 հազար դոլար:
Արտահանման չորրորդ խոշոր ուղղությունը Բուլղարիան է, այստեղ աճը կազմել է 34.6 տոկոս՝ հասնելով 129 մլն 796 հազալ դոլարի: Հնգյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 19.5 տոկոսի աճ՝ կազմելով 79 մլն 98 հազար դոլար:
Ներմուծման առումով ևս Հայաստանի առաջատար գործընկերը Ռուսաստանն է, որտեղից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 13 տոկոսով՝ հասնելով 995 մլն 880 հազար դոլարի: Երկրորդը դարձյալ Չինաստանն է՝ 4.9 տոկոսի աճ՝ 235 մլն 493 հազալ դոլարի ներմուծում:
Երրորդ տեղում հարևան Իրանն է, որտեղից ներմուծումն աճել է 35.8 տոկոսով՝ կազմելով 230 մլն 33 հազար դոլար: Չորրորդ տեղում հարևան Վրաստանն է՝ 3.6 տոկոս աճով: Վրաստանից ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 170 մլն 192 հազար դոլար: Դեպի Հայաստան 5-րդ ներմուծող երկիրը Գերմանիան է: Այդտեղից Հայաստան ներմուծումն աճել է 7 տոկոսով՝ հասնելով 115 մլն 215 հազար դոլարի:
Հայաստանից արտահանվող գլխավոր ապրանքատեսակներն են հանքահումքային արտադրանքը, պատրաստի սննդի արտադրանքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, ոչ թանկարժեք մետաղները, ինչպես նաև բուսական ծագման արտադրանքը:
Ներմուծվող ապրանքների մեջ մեծ ծավալ են կազմում հանքահումքային արտադրանքը, մեքենաները և սարքավորումները, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, պատրաստի սննդի արտադրանքը և ոչ թանկարժեք մետաղները: