Կառավարությունը պատրաստվում է վերացնել ներմուծվող ապրանքներին տրվող բոլոր այն արտոնությունները, որոնք մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում տեղական արտադրանքի նկատմամբ: Խնդրի մասին բարձրաձայնել են Արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ: Նախարարը տեղեկացրել էր, որ խնդիրը վերացնելու համար շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ: Քերոբյանը նաև խոսել է հայկական արտադրանքը խթանելու մասին:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Օրինակ՝ հիմա նախաձեռնություն ունենք Եվրասիական տնտեսական միությունում ներմուծված գինիների համար՝ մաքսատուրքերը կտրուկ բարձրացնել, որպեսզի հայկական գինիները, օրինակ՝ ունենան շատ ավելի լավ մրցակցային դիրք այլ երկրներից ներմուծված գինիների նկատմամբ:
Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ներմուծման արտոնությունների հետ կապված խնդրին ինքն էլ է բախվել որպես գործարար:
Արմեն Մարտիրոսյան (Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ) - Երբ Հայաստան ես ներմուծում գիրք, ապա ավելացված արժեքի հարկ և մաքսատուրք չես վճարում: Բայց եթե Հայաստանում ես ուզում այդ գիրքը արտադրել, դու պետք է բոլոր հումքի տեսակների համար ավելացված արժեքի հարկ, շատ դեպքերում՝ և այլ տիպի վճարներ անես, որպեսզի կարողանաս այդ գիրքն արտադրես: Ես կառաջարկեի, որ Հայաստանում լինի ավելացված արժեքի հարկ գրքի, բայց դա լինի մի քիչ ավելի պակաս, քան սովորական ավելացված արժեքի հարկն է:
Ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի՝ թեպետ խնդիրն առկա է, սակայն դա չի կարող վերաբերել ներմուծման բոլոր արտոնություններին:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Մենք պետք է նայենք դեպք առ դեպք, յուրաքանչյուր դեպքում շատ զգույշ մոտեցում: Այսինքն՝ մենք չենք կարող մի օրենք ընդունենք, որը համատարած բոլոր ներկրվող ապրանքները կկարգավորի, այսինքն՝ ներկրվող ապրանքների արտոնությունները կվերացնի: Բոլորովին վերջերս ցեմենտի հետ կապված նման խնդիր առաջացավ, և երբ արգելվեց այդ ցեմենտային կլինկերի ներմուծումը Հայաստան, ցեմենտի գինը ներքին շուկայում մեծացավ:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ստացվում է, որ Հայաստանը խրախուսում է օտարերկրյա արտադրողին, այլ ոչ սեփականին:
Արմեն Մարտիրոսյան - Մենք ոչ թե ուզում ենք մեզ խրախուսեն, այլ ուզում ենք ուղղակի հավասար դաշտում հայտնվել օտարերկրյա տպագրական ընկերությունների հետ:
Տնտեսագետի կարծիքով՝ արտադրողին պաշտպանելով՝ չպետք է մոռանալ նաև սպառողների շահերի մասին:
Կարեն Սարգսյան - Եթե ներքին արտադրողը ձգտելու է նրան, որպեսզի դրսի ներմուծումը սահմանափակվի, որպեսզի ինքը ավելի արտոնյալ պայմաններ ստանա ներսում, սա ևս անթույլատրելի է: Այսինքն՝ սա բերելու է գների անհամեմատ բարձրացման, մենաշնորհների և այլն:
Գործարարների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ խնդիրն առկա է մի շարք ոլորտներում, այդ թվում նաև՝ տեքստիլ արդյունաբերության, և էկոնոմիկայի նախարարության կազմած նախագիծը հենց հայաստանյան բիզնեսին աջակցելու համար է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան