Խաղողի տեխնիկական ու սեղանի ո՞ր երկրի սորտն ուզենաս՝ կտեսնես Երեմի այգում։ 2000-ականներին արտերկրում աշխատանքը թողեց, վերադարձավ Մրգաշատ ու հիմնեց խաղողի կոլեկցիոն այգի:
Երեմ Առաքելյան (խաղողագործ) - Վինագրադ Ավատար և վինագրադ Բագատիր, ունեմ Բոգեմա տեսակ, ստեղ ա, մուսկաթ Իոհաննա նոր պիտի ստանամ, վինագրադ Սիցիլիա ունեմ, էս Դիքոնը տեսաք, էնդեղ Ռեդ գլոբը ունեմ, երևի մի 15 տեսակի քիշմիշ ունեմ․․․ Ամերիկական Ստալետյա, Սկառլետ ռոյալն ունեմ, ճապոնական Խիոսինո ունեմ, ճապոնա-չինական, էլի համատեղ։
Մանրամասն ուսումնասիրում է ամեն սորտի մշակության տեխնոլոգիան, բնակլիմայական պայմաններին հարմարվելու առանձնահատկություններն ու ամեն տարի այգին համալրում նոր սորտերով։
Երեմ Առաքելյան - Մտածեք՝ կասեք՝ հիմա սա Արմենիա չէ, բայց սա էլի ճապոնական քիշմիշ ա:
Խաղողագործությունն ապրելակերպ դարձրած Երեմն ասում է, սա ո՛չ աշխատանք է, ո՛չ էլ պարզապես այգեգործություն։
Հատ առ հատ գիտի՝ ո՛ր խաղողի վազը այգու ո՛ր հատվածում է, քանի՞ օրից որերո՞րդ բերքը կտա։
Երեմ Առաքելյան - Վինագրադ Յուլյան՝ հլա գիլեքը խոշոր, էս էլ երկրորդ բերքն ա, գերվաղահասների շարքին ա դասվում, 105 օրական։
2014 թվականից գրանցված է միջազգային ռուսալեզու խաղողագործական կայքում։ Հենց այնտեղ է գտնում խաղողագործների, խոսում, քննարկում, այնուհետև՝ փոխանցում ու ստանում խաղողի մատները։
Վերջին մեկ-երկու տարում մթերքն իրացնում է նաև օնլայն հարթակներում, թեև նախընտրում է իր մշակածն իր ձեռքով վաճառել շուկայում, որ հասկանա՝ որ սորտի պահանջարկն է մեծ, և ինչ կարծիքներ կան։
Առաջիկա տարիներին նախատեսում է սեփական գինու արտադրությունը հիմնել ու զբաղվել ագրոտուրիզմով։
Ծաղկանուշ Միրզոյան