2021 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով: 7 ամսվա կտրվածքով բոլոր ուղղություններով աճ է արձանագրվել: Ամենամեծ ակտիվությունը եղել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 15.1 տոկոս: Արտահանումն աճել է 23.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.6:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ հուլիսին արձանագրված 5.8 տոկոս աճը դրական է ազդել 7 ամսվա ցուցանիշների վրա:
Գևորգ Պապոյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Հուլիսին ունեցել ենք 5.8 տոկոս աճ, որը պայմանավորված է տարբեր գործոններով: Ըստ էության՝ բոլոր ուղղություններով աճ ունենք. և՛ արդյունաբերություն, և՛ շինարարություն, և՛ ծառայություններ, և՛ էլեկտրաէներգիայի արտադրություն, և՛ միջին աշխատավարձի գծով:
Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ զգալի աճ է արձանագրվել հիմնականում այն ոլորտներում, որոնք կորոնավիրուսի պատճառով նախորդ տարի մեծ անկում էին արձանագրել:
Արմեն Քթոյան, տնտեսագետ - Ակտիվ աճ կա շինարարության ոլորտում՝ 8 տոկոսից ավելի է, բայց եթե 2020 թվականի առաջին 7 ամիսների տվյալները վերլուծենք՝ շինարարության ոլորտում 20 տոկոսից ավելի անկում կար:
Գևորգ Պապոյանը նշում է, որ տնտեսությունը դեռևս չի հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները:
Գևորգ Պապոյան - Կորոնավիրուսի հետևանքը կվերանա, եթե վերանա, ըստ էության, կորոնավիրուսը, բայց քանի դեռ մենք չենք պատվաստվել, ամբողջ մեր պետությունը, հասարակությունը և, ընդհանրապես, աշխարհի բնակչությունը, կարծում եմ, հետևանքները տեսանելի կլինեն:
Արմեն Քթոյանի խոսքով՝ դեռևս հետճգնաժամային փուլում ենք, և 5.2 տոկոս տնտեսական ակտիվությունը լավատեսական չէ:
Արմեն Քթոյան - Ընթանում ենք մի սցենարով, որը միջին տեմպ է հաղորդել տնտեսությանը, ավելի լավ կարող էր լինել, բայց մյուս կողմից լավ է, որ ավելի վատ չէ:
Իշխող ուժի պատգամավորի կարծիքով՝ այս տեմպով շարունակելու դեպքում տարեվերջում 7 տոկոս տնտեսական աճ կունենանք:
Գևորգ Պապոյան - Ինչի՞ համար եմ 7 տոկոս նշում, որովհետև այս օրերին քննարկում ենք կառավարության ծրագիրը, որտեղ նշել ենք՝ միջին աճը պետք է լինի 7 տոկոս և այդ 7 տոկոսի պայմաններում մենք որակապես այլ երկիր ենք ունենալու 5 տարի հետո:
Արմեն Քթոյանը ևս տարեկան 7, առավելագույնը՝ 8 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում և, ըստ նրա, ներկա իրավիճակում առավել հավանական է աճի հենց այդ տեմպը:
Արմեն Քթոյան - Ավելի մեծ արագացում հաղորդելու համար դրսից ներդրումներ են անհրաժեշտ: Եվրամիության հետ ծրագիրը կա, այլ ծրագրեր կան: Եթե դրանք կյանքի կոչվեն, հնարավոր կլինի լրացուցիչ արագացում հաղորդել: Հակառակ դեպքում՝ մենք այս աճով կգնանք առաջ:
Նշենք, որ տարեսկզբին կառավարությունը կանխատեսում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն տարվա ընթացքում այն վերանայվեց և այժմ կանխատեսվում է տարեկան 6 տոկոս աճ: