Կառավարության այս ծրագիրը շատ ավելի լավն է, հիմնավորված է, համապարփակ, քան նախորդ ծրագիրը, և շատ ավելի հիմնավորված է, քան 2018 թ. հունիսին ներկայացված Կառավարության ծրագիրը: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Որ ասում եք՝ կառավարության ծրագիրը չի կատարվելու, 7 տոկոսի աճ չի ապահովվելու ձախողելու եք, 2008 թվականին, երբ Տիգրան Սարգսյանն ընտրություններից հետո նշանակվեց վարչապետ, այն ժամանակ էլ կոալիցիոն կառավարության կազմում մեր գործընկերները կային, ու ես ուզում եմ հիշեցնել մի քանի թիրախներ. դուք խոստացել էիք ապահովել տարեկան 8-10 տոկոս տնտեսական աճ, դուք խոստացել էիք նվազագույն աշխատավարձը կրկնապատկել, կենսաթոշակները հասցնել սպառողական զամբյուղին, աղքատությունն իջեցնել 11.2 տոկոսի, գործազրկության մակարդակը նվազեցնել մի քանի տոկոսային կետով:
Ոչ մի բան տեղի չունեցավ ձեր ասածներից: Կարող եք ասել՝ տեղի ունեցավ ֆինանսական ճգնաժամ, ճիշտ կասեք: Բա էս դեպքում ցուցանիշներից հաշվի չեք առնում, որ տեղի է ունեցել քովիդի ճգնաժամ, ու տեղի է ունեցել պատերազմ»,- նշեց Բաբկեն Թունյանը: