Հայաստանի կառավարությունը ձևավորված է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Գործադիրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արմեն Գրիգորյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորեց նորանշանակ նախարարին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք:
ԵՐԿԻՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար. հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Մենք ընդհանրապես պետական կառավարման համակարգում շատ լուրջ բարեփոխումների օրակարգի առաջ ենք կանգնած: Այդ օրակարգի կարևորագույն նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է, կոնկրետ արդյունքներ, կոնկրետ նպատակներ ձևակերպելու և դրանց հասնելու ընդունակ համակարգ ձևավորելը: Եվ կարծում եմ՝ ինչպես պետական կառավարման մյուս համակարգերում, Արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ծառայության ոլորտում նույնպես մենք պետք է աշխատանքի գնահատման կոնկրետ չափորոշիչներ մշակենք ու սահմանենք և աշխատանքը գնահատենք ըստ այդմ:
Կարճ ժամանակաշրջան էր, բայց շատ գործեր առաջ ենք մղել ու հաջողություններ գրանցել. վարչապետին շնորհակալություն հայտնելով ասաց Արմեն Գրիգորյան, որն արդեն նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Արմեն Գրիգորյան (Անվտանգության խորհրդի քարտուղար) - Կարծում եմ, որ կատարված աշխատանքը եղել է արդյունավետ: Շնորհակալություն, պարոն վարչապետ, վստահության համար, պարոն Միրզոյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում թիմի հետ միասին:
Նորանշանակ նախարար Արարատ Միրզոյան էլ վստահեցրեց, որ ամենօրյա աշխատանքում ջանք ու եռանդ չեն խնայելու՝ երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար: Մեր երկրի շուրջ ձևավորված և օրեցօր ձևավորվող նոր արտաքին քաղաքական, անվտանգային միջավայրի պայմաններում, բավական երկար ժամանակ՝ թերևս տասնամյակներ գոյություն ունեցած և ըստ էության լուծում չստացած մարտահրավերների ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների պայմաններում ինձ համար չափազանց բարդ և պատասխանատու, բայց նույնքան էլ չափազանց պատվաբեր է ստանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը:
Վարչապետ Փաշինյանը արտաքին գործերի նորանշանակ նախարարին և ԱԳՆ աշխատակազմին արդյունավետ աշխատանք է մաղթել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Հեղինակ՝ Անի Օհանյան