Զբոսաշրջության մասին ավանդական պատկերացումները Գեղարքունիքի մարզում փոխելու փորձ է անում «Սարվոր տուրիզմ» նախաձեռնությունը, որի կազմում են զբոսաշրջության զարգացմամբ հետաքրքրված գավառցի մի խումբ երիտասարդներ: Նոր երթուղիների փնտրտուքը նրանց հասցրեց սարերը: Գեղամա լեռների բնաշխարհը բացվեց իր ամբողջ գեղեցկությամբ և միայն սարվորներին հայտնի հրապույրներով: Զբոսաշրջային առանձնահատուկ ուղղություն է դառնում Գավառ քաղաքից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա՝ Գեղամա լեռնաշղթայի հենց կետրոնում գտնվող Գռիձորը:
Հաջորդ հետաքրքրությունը հենց իրենք՝ սարվորներն են՝ իրենց կենցաղով, պատմություններով, հյուրասիրությամբ: Պատրաստ են զբոսաշրջիկներին հյուրընկալելու ոչ միայն մի քանի ժամով, այլև մի քանի օրով:
Եթե զբոսաշրջիկը չի օգտվում տվյալ համայնքում գտնվող ծառայություններից, ապա տարածքային տնտեսական զարգացման մասին խոսակցություններն անտեղի են՝ ասում է «Սարվոր տուրիզմի» ղեկավարը: Զբոսաշրջային իրենց ծրագիրն այնպես են կազմել, որ այլ ծառայություններից օգտվելը պարտադիր անհրաժեշտություն է դարձել:
Գեղարքունիքի մարզում զբոսաշրջային հնարավորություններն ավելի ընդարձակ են՝ վստահեցնում են երիտասարդները: Հարկավոր է միայն դրանք բացահայտել, քարտեզագրել և ներառել զբոսաշրջային երթուղիներում:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան