Եթե նախկինում արտադրություն սկսելու նպատակով հարկային, հաշվապահական և այլ հարցեր պարզաբանելու համար հարկավոր էր պետական այս կամ այն մարմնի դռները թակել, դիմել համապատասխան մասնագետների, ապա այժմ այդ ամբողջ տեղեկատվությունը՝ մատչելի եղանակով, գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով, հնարավոր է գտնել Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված արտադրական ոլորտի հարկային ուղեցույցում:
Մինչ այս արդեն հրապարակվել էին զբոսաշրջության ոլորտի և առևտրային գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ:
Տնտեսագետ և իրավախորհրդատու Տիգրան Քեյանն ասում է՝ ուղեցույցը զգալիորեն հեշտացրել է իրենց աշխատանքը: Արդեն կարիք չկա հարկային օրենսգրքի բոլոր՝ մոտ 400 հոդվածներն ամբողջությամբ ընթերցել անհրաժեշտ հոդվածը գտնելու համար:
Ուղեցույցները մշակվել են Համաշխարհային բանկի՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակում:
Համաշխարհային բանկի STAPL ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանի կարծիքով՝ դիտումների մեծ քանակը ցույց է տալիս, որ էլեկտրոնային ուղեցույցները ծառայել են իրենց նպատակին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան