Նոր ազգային բյուջետային ավիափոխադրողը կունենա հայկական անուն, որը կորոշի հանրությունը: Ամփոփվել է ազգային ավիաընկերության անվան ընտրության մրցույթը: Հանրության կողմից ստացվել են 800-ից ավելի առաջարկներ՝ Ֆեյսբուքի և էլեկտրոնային փոստի միջոցով:
Սարին Գարաճեան (ANIF-ի գործարքների իրականացման թիմի վերլուծաբան) - Պիտի որ ավիաընկերության անունը լինի, խորհրդանշի, որ այս ավիաընկերությունը Հայաստանի ազգային ավիափոխադրողն է: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հրապարակել է առաջարկվող տարբերակներից մի քանիսը, որոնցից են «Air Aznavour», «Charls airways», «Arm sky», «Noy fly», «Fly Hay» անունները: Մրցույթի արդյունքները պարզ կլինեն և կհրապարակվեն սեպտեմբերին:
Սարին Գարաճեան - Ավիաընկերության տնօրեններու խորհուրդն է, որ պիտի քննարկե և որոշե ավիաընկերության անունը՝ անշուշտ հաշվի առնելով այն առաջարկությունները, որոնք հաճախ կրկնված են:
Նոր ազգային ավիաընկերության ստեղծումը, ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, հնարավորություն կտա երկրում մեծ թվով աշխատատեղեր բացել, կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին տալով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորություն, ինչպես նաև կխթանի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջությունը:
Տաթևիկ Ռևազյան (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար) - Զբոսաշրջիկը նայում է՝ ինչ գնային առաջարկներ կա, իրեն ձեռնտու է թե ոչ, այսինքն՝ էստեղ, հաշվի առնելով, որ նոր ուղղություններ են զարգանալու, ընդհանուր երկիրը ավելի փոխկապակցված է լինելու աշխարհի հետ՝ առանց կասկածանքի կարող եմ ասել, որ զբոսաշրջությունն աճելու է Հայաստանում:
Ոլորտի ներկայացուցիչները փաստում են՝ 2021 թվականի ամռանը հայկական շուկայում բավական աշխուժացել են ավիացիոն ընկերությունները: Համագործակցում են ուկրաինական 2 նոր ավիաընկերությունների հետ, ռուսական մի քանի ավիաընկերություններ էլ կրկին մուտք են գործել մեր շուկա և ավելացրել իրենց ուղղությունները:
Ստեփան Փայասլյան (Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար) - Բազմաթիվ չվերթեր ենք սկսել իրականացնել, որոնք այս պահին տեսանելի չեն ժողովրդի համար, բայց դրանք չարթերային չվերթեր են, որոնք ակտիվացել են: Այսինքն՝ շուկան, կարելի է ասել, COVID-ից հետո վերականգնման գործընթացի մեջ է, և հույս ունենք՝ ավելի լավ տեմպեր կունենա:
Բացի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» համագործակցությամբ ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունից՝ Հայաստանում այլ ընկերություններ ևս արդեն իսկ գրանցված են: Շահագործողի վկայական ստանալու համար հայտ է ստացվել նաև Fly One ընկերությունից:
Հեղինակ՝ Սաթենիկ Հովհաննիսյան