Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Մեղրիում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Վաչե Մխիթարյան, ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ՀԿԳ քննիչ - Մեղրի համայնքի ավագանու 2011 թ. մայիսի 20-ի որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել հողատարածք, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացված մրցույթում հողատարծքը հանձնվել է Ռոլանդ Գևորգյանին: Վերջինս բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն տարածքում կառուցել է սրճարան:
Խոսքը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափի մասին է, որը Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց է նշված:
Վաչե Մխիթարյան - Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրված տարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ոչ միայն չի կատարել իր պարտականությունը, այլ 2020 թ. հունիսի 24-ին տվյալ տարածքը վաճառել է Ռոլանդ Գևորգյանին: Մխիթար Զաքարյանի և 2 այլ անձի հանցավոր գործողությունների արդյունքում Մեղրի համայնքը զրկվել է իր սեփականություն համարվող տարածքից, որը գլխավոր հատակագծով պետք է լիներ արգելոց:
Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կատարած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Վաչե Մխիթարյան - Մեղրի համանքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիք կատարելու համար:
Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել է նաև Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն օժանդակելու համար և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին:Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը: Իսկ օգոստոսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը:
Երեմ Սարգսյան, Մխիթար Զաքարյանի պաշտպան - Մենք արդեն իսկ նյութերին ծանոթացել ենք և համապատասխան միջնորդություններ ենք ներկայացրել, որ քրեական հետապնդումը դադարեցվի: Բոլոր միջնորդությունները քննիչը մերժել է, և եթե գործը գնա դատարան, դատարանում կներկայացնենք այդ հիմնավորումները: Մխիթար Զաքարյանին վերագրվող բոլոր գործողությունները վարչական իրավախախտումներ են:
Նշում է՝ հրապարակային դատաքննության պայմաններում կներկայացնեն դիրքորոշումները:
Հիշեցնենք՝ ըստ Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան