«Հանուն հանրապետության» կուսակցությունն այսօր համագումար է հրավիրել, որն ամփոփել է հայտարարությամբ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ սույն համագումարը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ուղիղ սպառնալիքի տակ է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը, մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անդորրը, երբ մեր բանակի վերականգնումը, արտաքին, անվտանգության, պաշտպանական քաղաքականությունների վերարժևորումը և վերանայումն օրվա հրամայական են, վաղվա արհավիրքների հավանականությունը նվազագույնի հասցնելու գրավական։
Միևնույն ժամանակ, վերը նշված մարտահրավերների խորապատկերին, Հայաստանի հանրությունն ականատես է մի իրողության, որ խորհրդարանում ներկայացված՝ քաղաքական դաշտի որոշակի հատվածը, սերված լինելով նախկին կրիմինալ և կոռումպացված, պետությունը երկու տասնամյակ զավթած ռեժիմից՝ դրսևորում է բացառիկ անպատասխանատվություն՝ ձեռնամուխ լինելով պայքարելու ոչ այնքան իշխանության, որքան հենց պետության և նրա գոյաբանական շահերի դեմ, այդպիսի վարքագիծը քողարկելով կեղծ հայրենասիրական պաթոսով և հռետորաբանությամբ՝ թիրախավորելով ներկայիս իրավիճակում առկա՝ առավել զգայուն նշանակետերը։
Դրանով հարվածի տակ է դրվում մեր Զինված ուժերի մարտունակությունը, ռազմական կարողությունները և մարտական ոգին, Հայաստան-Արցախ կենսական կարևորության հարաբերությունները, մեր երկրի միջազգային դիրքերը և հայկական դիվանագիտության մանևրելու՝ ներկա դրությամբ առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները՝ հանրությանը մղելով ապատիայի և սեփական երկրի ապագայի հանդեպ անտարբերության դաշտ։
Մյուս կողմից՝ անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ այս իրողությունը կլիներ անհնարին, եթե համապատասխան պետական ինստիտուտների կողմից ժամանակին պատշաճ իրավաքաղաքական և քրեաիրավական գնահատական տրվեր մերժված ռեժիմի քսանամյա գործունեությանը և համարժեք քայլեր ձեռնարկվեին դրա ավերիչ հետևանքների հաղթահարման ուղղությամբ, իսկ դատական իշխանության և իրավապահ մարմինների՝ վաղուց հասունացած արմատական բարեփոխումներն անցած ավելի քան երեք տարիների ընթացքում անցկացվեին պատշաճ խորությամբ և համապարփակությամբ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարում ընդունված սույն հայտարարությամբ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակում մեզ համար բացարձակ առաջնահերթություններն են՝ բանակի արդիականացումը և հինգերորդ ու հետագա սերունդների պատերազմներին պատրաստ Զինված ուժերի ստեղծումը, բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիակցիան (բազմազանեցումը), պետական կառավարման համակարգի և հասարակական-քաղաքական կյանքի արմատական համակարգային բարեփոխումները, երկրի ժողովրդավարեցումը, ապաքրեականացումը և համապատասխանեցումը 21-րդ դարի քաղաքակիրթ աշխահին հարիր պատկերացումներին ու չափորոշիչներին, ինչն անհնարին է առանց կրթական համակարգի արմատական, սրընթաց արդիականացման, մշակութային կյանքի շեշտակի աշխուժացման, հայրենադարձության ինստիտուցիոնալ կազմակերպման։
Չնայած մեր կուսակցության չափազանց երիտասարդ տարիքին, մենք ունենք բավարար փորձ և հմտություն՝ անվերապահորեն շարունակելու գործել հանուն հանրապետության, առաջնորդվել և առաջնորդվելու ենք բացառապես ազատ, անկախ և ինքնիշխան պետության, հասարակության և քաղաքացու շահերով, դրանց ներդաշնակեցման, փոխլրացման դիրքերից»,- ասված է հայտարարությունում։