Ազգային ժողովը շարունակում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկմանը հաջորդած ելույթների փուլում իրավիճակը թեժացավ, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վարչապետին դիմեց անունով և որակում տվեց նրան:
ԱԺ նախագահը պատգամավորին հորդորեց լքել նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ մինչև օրվա ավարտը Մկրտչյանը իրավունք չի ունենա մասնակցելու նիստերին, ապա Ալեն Սիմոնյանը հանդես եկավ արտահերթ ելույթով, ասաց՝ տպավորություն ունի, որ ընդդիմությունը միասնական չէ:
«Կան մարդիկ երկու խմբակցություններում էլ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են ինչ-որ վիրավորանքների, պիտակների, չարաճճիության միջոցով աչքի ընկնել: Դիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին. եթե չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես: Թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անելու եմ ամենախիստ ձևով:
Դիմում եմ իմ գործընկերներին՝ ամեն սադրանքի մի՛ արձագանքեք: Մարդիկ պարտվել են, շատ մրմռացել են պարտությունից: Այդ մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է: Չեն կարողանում հասկանալ, թե էդքան փող ծախսելուց հետո, էդքան ատելություն տարածելուց հետո, այո՛, ես պնդում եմ, որ ատելություն տարածել են իրենք, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եղել է ընդդիմություն ամենածանր ժամանակահատվածում, երբ իրոք ՀՀ-ում կային քաղբանտարկյալներ, երբ կար մեծագույն կոռուպցիա, երբ կար ծեծ, ջարդ, երբ ոստիկանները փողոցում ծեծում էին կանանց մահակներով:
Այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն թույլ չի տվել նման ատելություն տարածել: Դա եկավ այն ժամանակ, երբ սկսեցին իրարից փողով առնել հեռուստաընկերություններ, որպեսզի վարկաբեկեն ՀՀ լեգիտիմ ընտրված իշխանություններին: Արհամարհե՛ք»,- ասաց Սիմոնյանը:
Ընդմիջումից հետո արդեն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագրից» Արփի Դավոյանը՝ որակումներ հնչեցնելով Մկրտչյանի հասցեին:
Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց նաև Դավոյանին՝ զրկելով նրան մեկ նիստի մասնակցելու հնարավորությունից: Իսկ երբ պետք է ելույթ ունենար իշխող մեծամասնության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը, դահլիճում պատգամավորների միջև սկսվեց վիճաբանություն, նիստը ընդհատվեց 20 րոպեով:
Այժմ նիստը վերսկսվել է: