Որ ոզնիների հանդեպ հետաքրքրությունը մի օր բիզնեսի է վերածելու, տնտեսագետ Արտակի մտքով երբեք չէր անցել: Արագածոտնի մարզի Ուջան համայնքում կառուցում է նմանը չունեցող ոզնիների այգի: Որ մուտք ես գործում ոզնիների բնակատեղի, նկատելի է հենց դարպասներից: 1 հեկտար տարածքում զբոսնելիս պետք է զգույշ լինել, ամենուր կարող ես հանդիպել փշոտ կենդանուն: Ապագայում այստեղ հնարավոր է վայելել հանգիստը, համեղ սնվել, հենց ոզնիների ընկերակցությամբ: Տարածքում նախատեսվում է նաև մշակութային, գիտակրթական միջոցառումներ և էքսկուրսիաներ կազմակերպել:
Արտակ Մարտիրոսյան («Ոզնիների այգի» ընկերության տնօրեն) - Ազատ է լինելու մուտքը բոլորի համար:
Արտակն այգու կառուցման աշխատանքը մեկնարկել էր 3 տարի առաջ: Համավարակով պայմանավորված՝ այն դադարեցրեց, այնուհետև գումարը չբավականացրեց: Ընկերները խորհուրդ տվեցին դիմել պետական օժանդակության ծրագրերին: Կառավարության աջակցության հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը հնարավորություն տվեց ոչ միայն շարունակել այգու շինարարական աշխատանքը, նաև բիզնեսն ընդլայնելու այլ ծրագրեր մշակել:
Արտակ Մարտիրոսյան - Ֆինանսական միջոցների ներգրավման խնդիր կար, բանկերը պարտադրում են 6 ամսվա բիզնես, ծրագիրը հենց մեզ համար է՝ աննախադեպ պայմաններով:
Զրոյից բիզնես ստեղծելուն ուղղված այս միջոցառմանը կարող են մասնակցել այն գործարարները, որոնք ցանկանում են զարգացնել ձեռնարկատիրական ունակությունները, ունեն լավ գաղափարներ, սակայն տնտեսական գործունեություն սկսելու համար չունեն ֆինանսական բավարար միջոցներ:
Նարե Խլղաթյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավախորհրդատու) - Կամ կարող են լինել այն տնտեսվարողները, ովքեր արդեն գործող բիզնես ունեն, բայց իրենց բիզնեսն առկա է ոչ ավելի, քան երեք տարի:
Ծրագրերը հիմնականում մարզային փոքր ու միջին սկսնակ ձեռներեցների համար են, բացառությամբ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտի: Կարող են մասնակցել նրանք, ովքեր հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են հարկային և վարկային լավ պատմություն և Ներդրումների աջակցման կենտրոնից ֆինանսավորում չեն ստացել։ Կառավարությունը տևական ժամանակ է՝ իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագիր, միջոցառումների այս ծրագիրը փոխլրացնելու է արվածը:
Նարե Խլղաթյան - Դիմումների քանակը բավականին մեծ է: Ունենք 346 հայտատու:
Նարե Խլղաթյանը ներկայացնում է, թե օժանդակության ինչ փաթեթ է առաջարկում կառավարությունը սկսնակ գործարարին:
Նարե Խլղաթյան - 60 ամիս մարման ժամկետով է տրամադրվում:
Իսկ այն գործարարներին, որոնք ունեն նորարարական գաղափարներ, կառավարության աջակցության հակաճգնաժամային 19-րդ միջոցառման շրջանակում կտրամադրվի 20 մլն դրամ: