Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է վերջին 3-4 ամիսներին կատարած աշխատանքը: Նա անդրադարձել է «ՀՀ դատական օրենսգիրք» փաթեթի լրամշակման աշխատանքներին ԲԴԽ-ի մասնակցությանը:
«Այդ օրենսգիրքն այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Ցավոք, այդ տարբերակը դարձավ քաղաքական ուղղորդված իրավական լսարանի սուր քննարկման առարկա: Պետք է սպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
Նա անդրադարձել է արդարադատության նախարարության խորհրդի գործունեությանը: «Մենք որպես դատարան գործելիս երկու կարևոր ու նախադեպային որոշում ենք կայացրել՝ կապված դատավորներ Լուսինե Աբգարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական պատասխանատվության հետ: Այդ որոշումները վերաբերում են մինչդատական վարույթում, դատական իշխանության, դատական վերահսկողության իրականացման շրջանակներում հիմնավոր կասկածի և մեղքի հարցերի, դատական վերահսկողության և դատախազական հսկողության տարանջատման խնդիրներին, դատաքննության ընթացքում կիրառվող ապացուցողական շեմի տարբերակման հարցերին և այլն: Ուղարկել ենք քրեական գործեր քննող բոլոր դատավորներին՝ նպատակ ունենալով ոչ թե պատժել, այլ կանխել նման վարքագիծը, որպեսզի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը և դատախազական հսկողությունը խստագույնս սահմանազատվեն միմյանցից»,- նշել է Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ օգտագործելով դատական դեպարտամենտի մշտադիտարկման և դատական վիճակագրության վերլուծության վարչության հնարավորությունները, այս ընթացքում կատարվել է մի քանի կարևոր վերլուծություն: Դրանք կապված են եղել մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջնորդությունների քննարկման և դրանց դինամիկայի վերլուծության հետ՝ անցած 5 տարվա ընթացքում, ինչպես նաև դատավորներին արձակուրդ ուղարկելու պրակտիկայի և գործերի քննության ժամկետների հետ: