Կոտայքի մարզի Բուժական գյուղում տարվա ուղիղ կեսը վառարանն օգտագործվում է, տները մոտ վեց ամիս ջեռուցում են փայտով:
Վանո Զաքարյան (Բուժականի բնակիչ) - 21-րդ դարն է, մենք գազ չունենք, շրջակա գյուղերում կա, մենք չունենք, նույնիսկ անտառն էլ է տուժում դրանից, ասեմ իմանաք: Ճիշտ է, վերջին տարիներին լավ հսկողություն է սահմանված: Բնական ա, վառելիքը թանկ ա՝ մեր եկամուտների համեմատ:
Փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը 35000 դրամ է, պնդում են՝ նվազագույն 15 խմ ստիպված են գնել: Խոհանոցում էլ լիցքավորվող գազաբալոններ են կիրառում, վտանգավոր է, բայց այլընտրանք չունեն:
Խոսրով Ավետիսյան (Բուժականի բնակիչ) - Մեքենայի գազի բալոնից տեղափոխում ենք գազը այս բալոնների մեջ, օգտագործում ենք տան համար:
Արմեն Ղազարյան (Բուժականի բնակիչ) - Ես ունեմ երեք անչափահաս երեխա, ում առավոտյան սնունդ ա պետք: Մենք ո՛նց ենք պատրաստում, մեր լեզվով ասած՝ օջախ ենք ասում, վառելիքի միջոցով, անտառից չի թույլատրվում, ծառահատում չկա, գոմաղբ ենք վառում: Շատ տանջանքով:
Գյուղապետը բնակիչներից բազմաթիվ դիմումներ է ստանում, դրանց թիվը հատկապես աճում է աշնանը՝ ձմռանն ընդառաջ գազի անհրաժեշտությունը հատկապես սրվում է:
Զոհրակ Հովհաննիսյան (Բուժական վարչական տարածքի ղեկավար) - Ունենք ամեն պայմանները ներդրողների համար՝ թե՛ բնությունը, թե՛ տարածքները, որ լավ զարգանալու հնարավորություն են տալիս գյուղին, բայց գազ լինելու պատճառներից մեկն էլ դա է, որ ներդրողներ չկան:
Հայաստանի մոտ 350 բնակավայր դեռ գազիֆիկացված չէ: Խնդիրների բնույթը նույնն է, պահանջմունքները՝ ևս: Նույնն են նաև պատճառները, թե ինչու «Գազպրոմ Արմենիան» այդ վայրերում աշխատանք չի իրականացնում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության կողմից իրականացված «Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման» ծրագրի շրջանակներում գազիֆիկացվել են ներդրումների վերադարձի տեսանկյունից տնտեսապես արդյունավետ համայնքները, մնացած բնակավայրերում գազիֆիկացման աշխատանքներ չեն իրականացվել՝ հաշվի առնելով պոտենցիալ բաժանորդների թիվը և, հետևաբար, նշված աշխատանքների համար պահանջվող ներդրումների նպատակահարմարությունը։
Եթե մասնավորին ձեռնտու չէ, բայց համայնքի համար գազիֆիկացումը անհրաժեշտություն է, ապա գործին միանում է պետությունը: Միայն այս տարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գազիֆիկացման 34 դիմում է ստացել և դրական եզրակացությամբ ուղարկել կառավարություն, դրանք իրականություն կարող են դառնալ սուբվենցիոն ծրագրերով:
Մարինե Հովհաննիսյան (ՏԿԵՆ էներգետիկ կառուցվածքների բաժնի պետ) - 2019-ից սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացում է տեղի ունենում, այսինքն՝ եթե համայնքը գտնում է, որ իր համար առաջնային է գազիֆիկացումը, ներկայացնում է հայտ, և նախարարությունը պատրաստակամությամբ, այսինքն՝ կարգ գոյություն ունի, նայում և դրական, կամ եթե բացասական կարծիք է լինում, շտկում է:
Չգազիֆիկացված համայնքների բնակիչների կենցաղային պայմանների բարելավման համար նաև հատուկ ծրագիր կա: Ցածր տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում բնակիչներին արևային ջրատաքացուցիչ կամ ֆոտովոլտային համակարգեր տեղադրելու համար: Մինչև օրս ծրագրի շրջանակում տեղադրվել են 190 ֆոտովոլտային համակարգ և 3100-ից ավելի ջրատաքացուցիչ:
Հեղինակ՝ Անի Ստեփանյան