Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը իր ելույթում տեղեկացրեց, որ նշված օրենքը քննարկվել է հանձնաժողովում, և անդրադարձել են բոլոր հարցերին, որոնք հնչեցվել են:
«Այս նախագծով մենք ունենալու ենք համապատասխան հիմք՝ մարտական գործողությունների մասնակիցներին և երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներին համապատասխանաբար վճարելու կամ փոխհատուցելու իրենց ուսման վարձերը և նշված օրենքի նախագծի ընդունման դեպքում ունենք օրենքի հստակ հաշվարկներ առավելագույն թվաքանակներով, և դա, կարծում եմ, կբերի դրական հետևանքի»,- ասաց Թռչունյանը:
ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան՝ ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով կտրվի մրցույթի արդյունքներով բուհ ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին:
Ուսման վճարի փոխհատուցում կտրվի նաև Կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով՝ ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չկային: