ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ փոփոխելուց հետո 10 տարվա ընթացքում պետական բյուջե պետք է վճարվի հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո լրամշակվել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի և կառավարության ներկայացրած առաջարկների հիման վրա: Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը կսահմանի կառավարության լիազոր մարմինը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու: