Լոռի բերդ խոշորացված համայնքը պետական ծրագրերով կարողանում է լուծել ոչ միայն սեփական խնդիրները, նաև ձեռք բերած գյուղտեխնիկայի շնորհիվ հավելյալ եկամուտ ստանալ:
Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով ձեռք բերած 2 կոմբայնն ու էքսկավատորը հնարավորություն տվեցին գյուղտեխնիկան վարձակալության հանձնել և 2019 թվականին ստանալ 20 մլն դրամի, իսկ նախորդ տարի արդեն 28 մլն դրամի շահույթ:
Հին գյուղտեխնիկայի պատճառով գյուղացիները նախկինում բերքի կորուստ էին ունենում: Նոր տեխնիկայի գործարկումը պատկերը լիովին փոխել է:
Տեխնիկան դեռ երկար կծառայի, ասում է Լոռի բերդի համայնքապետը: Երեք տասնամյակ չմշակվող հողատարածքներ այսօր գյուղտեխնիկա է մտել:
Լոռի բերդ խոշորացված համայնքը ստեղծվել է 2017 թվականին՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Սվերդլով, Ուռուտ, Յաղդան և Հովնանաձոր համայնքների միավորման արդյունքում: Համայնքապետի խոսքով՝ խոշորացումն էապես օգնեց համայնքի արդյունավետ կառավարմանը:
Լոռի բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը հերթականությամբ նշում է բոլոր այն տեխնիկաները, որ ձեռք են բերել պետական օժանդակության ծրագրերի և ստացած շահույթի շնորհիվ:
Լոռի բերդ համայնքը հիմնադրամի ծրագրով ընդհանուր առմամբ ստացել է 147 միլիոն դրամ: Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ներդրողներն են Կառավարությունը, Համաշխարհային բանկն ու առաջին բաղադրիչի դեպքում՝ 4, երկրորդ բաղադրիչի դեպքում՝ 5-10 տոկոսի չափով՝ համայնքը: Ծրագրի բաղադրիչ 2-ի նպատակն է սեփական ներուժով տեղական՝ համայնքային խնդիրները բացահայտելն ու դրանց լուծում տալը:
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը՝ Կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով ևս մոտ 25 մլն 415 հազար եվրո կտրամադրվի համայնքների զարգացման նպատակով:
Նոր ֆինանսավորումը թույլ կտա առաջին բաղադրիչով իրականացնել 20 միկրոծրագիր, երկրորդով՝ 35 ենթածրագիր: Ծրագրի շահառու են Հայաստանի 35 խոշորացված համայնքներ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան, Տաթև Հակոբյան