Ամայի ու անմշակ տարածությունից՝ բերքառատ հատապտուղների այգի: Ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող Հարությունը վստահեցնում է՝ խելացի գյուղատնտեսություն. դա լավ արդյունք ստանալու միակ միջոցն է:
Հարություն Փախչանյան («Armberry» ընկերության գործադիր տնօրեն) - Գյուղատնտեսության ապագան ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցված գյուղատնտեսությունն է:
Արտադրական ամբողջ գործընթացը՝ ոռոգումը, պարարտացումը, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության կարգավորվումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով, որը մշակվել է տեղացի մասնագետների հետ:
Հարություն Փախչանյան - Բոլոր գործընթացները մենք կառավարում ենք հեռախոսի միջոցով, նայեք՝ հիմա ցույց է տալիս ամիս ամսաթիվը, օդի ջերմաստիճանը, օդի հարաբերական խոնավությունը ու՝ որ դաշտում ինչ խոնավության մակարդակ ունի, ու ըստ դրա մենք որոշում ենք՝ ոնց ջրենք ու երբ ջրենք:
Համագործակցել են արտասահմանյան գործընկերների հետ և ներմուծել բացառապես հայկական բնակլիմայական պայմաններին համապատասխան, բարձր բերքատվություն ունեցող տնկիներ:
Հարություն Փախչանյան - Սա հոլանդական սորտ է, տեսեք մեծությունն ու տեսքը: Պահպանման ժամկետը մոտավորապես 14-15 օր է, ու բարձր արդյունավետությամբ բերք է տալիս: Էս մյուս կողմը լեհական սորտերն են՝ շուտով կհասնեն:
Մշակման գործընթացը տասն ամիս է՝ մարտից դեկտեմբեր: Նպատակը ոչ միայն հատապտուղների մշակումն է, այլև աշխատատեղերի ապահովումը:
Արտակ Մկրտչյան («Armberry» այգու կառավարիչ) - Մարտից սկսած՝ 5-6 հոգի է, հետո կամաց-կամաց ավելանում է, մինչև 30-35, բերքի սեզոնին՝ ավելի շատ:
Բավական Մակյան («Armberry» աշխատակից) - Հիմնականում առավոտյան ժամը 7-ից գալիս ենք, բերքը հավաքում ենք, մինչը 12-13:00-ը: Ես աշխատում եմ այստեղ արդեն 5-րդ տարին:
Ոռոգման խնդիրը լուծելու համար կառուցել են ջրավազաններ, որ անգամ ոռոգման ջրի բացակայության դեպքում տասն օր կարող են ոռոգել այգիները: Ջրավազաններում ձկներ ու բադեր են պահում, որոնք, մի կողմից, մաքրում են ջուրը, մյուս կողմից՝ պարարատացնում բույսերը:
Հարություն Փախչանյան - Սա մեր ջրավազաններից մեկն է, որտեղ, տեսնում եք, ջուրը կուտակվում ու կաթիլային եղանակով գնում է այգի:
Բիզնեսին աջակցել է նաև պետությունը: Օգտվել են գյուղատնտեսության պետական օժանդակության երկու ծրագրից:
Հարություն Փախչանյան - էս մի այգին որ տեսնեք, սա նոր ենք հիմնել, էլի հակակարկտային ցանցով, կաթիլային ոռոգումով ու սա պետական սուբսիդավորման ծրագրով է արած: Մինչև այդ էլ լիզինգով տրակտոր ենք վերցրել:
Բարձրարժեք և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը միտված պետական աջակցության ծրագրերը շարունակվում են:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան