Համաշխարհային ճանաչում ունեցող «սիմենթալ» ցեղատեսակի կաթնամսատու կենդանիներին Չեխիայից տեղափոխել են Տաշիր՝ պետության օժանդակությամբ:
Կառավարության կողմից իրականացվող տոհմային կենդանիների ներմուծման ծրագրով Հայաստան է բերվել շուրջ 1100 գլխաքանակ, որոնց 30 տոկոսից ավելին Լոռու մարզում է:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ներկրվել են «աբերդինանգուս» մսային ցեղատեսակը, ներկրվել է «ֆլեգվի» ցեղատեսակը, «հոլշտին» ցեղատեսակը և ղազախական սպիտակագլուխ ցեղատեսակը: Ցեղատեսակի ընտրության հարցում պետությունը տնտեսվարողի առաջ որևէ սահմանափակում չի դնում, կարևոր է կենդանու սեռահասակային կազմը. պետք է լինի 14-17 ամսական էգ մատղաշ: Ուշադրություն է դարձվում նաև պահման բարենպաստ պայմանների առկայությանը:
Կառավարությունը վարկը տրամադրում է 5 տարի ժամկետով. մինչև այժմ տոկոսադրույքը կազմում էր 2 տոկոս, հիմա հավասարեցվել է 0-ի:
Լևոն Տեր-Իսահակյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ) - Ներկայումս Կառավարության համապատասխան որոշումով այդ տոկոսը նվազեցվել է մինչև 0 տոկոսի, այսինքն՝ համավարակի տնտեսական հետևանքների մեղմման ծրագրի շրջանակներում առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել:
Տաշիրում գործող «Տաշիր ագրո» տնտեսության տնօրենը տեսախցիկից խուսափեց, բայց ասաց՝ 6 ամսում կարողացել են կառուցել անասնագոմեր ու հարակից շինություններ, նաև մեծ քանակությամբ կենդանիներ ներմուծել, պատրաստ են դրանց թիվը հասցնել մինչև 1200 գլխաքանակի: Հնարավոր է օգտվեն նաև լիզինգի ծրագրերից: Էկոնոմիկայի փոխնախարարն էլ վստահեցրեց՝ վերջին շրջանում ոլորտը դինամիկ զարգացում է ապրում, ծրագրերն էլ միտված են տնտեսվարողին օգնելու, բեռը փոքր-ինչ թեթևացնելուն:
Լևոն Տեր-Իսահակյան - Այն տնտեսվարողները, տավարաբուծությամբ զբաղվող, որոնք ունեն փորձ և ունեն որոշակի անասնագլխաքանակ, թեկուզև ցեղային տեսանկյունից ոչ այնքան բարձրարժեք, ունեն ցանկություն կենդանիների ցեղային կազմը բարելավելու, տոհմային կենդանիներ ձեռք բերելու, շատ լավ առիթ է ընձեռվում տոհմային կենդանիներ ձեռք բերելու:
Տիգրան Գաբրիելյան - Նախարարությունն առաջարկում է օժանդակության ծրագրեր և՛ բուսաբուծության ոլորտում, և՛ անասնաբուծության ոլորտում: Ունենք ինտենսիվ այգիների ծրագիր, ունենք կաթիլային ոռոգման ծրագիր, կարկտապաշտպան ցանցերի ծրագիր, ունենք խելացի անասնաշենքերի ծրագիր, տոհմային կենդանիների ներկրման ծրագիր, ոչխարաբուծության ծրագիր:
Այս տեմպերով աշխատելու դեպքում՝ հնարավոր կլինի Հայաստանում տոհմանյութի արտադրություն հիմնել, այսինքն՝ կարիք չի լինի արտասահմանից կենդանի ներկրել, ավելորդ ծախս ու ժամանակ վատնել. տեղում գործող տնտեսությունները կկարողանան տոհմային կենդանիներ մատակարարել նաև մյուսներին: Սրան հասնելու դեռ երկար ճանապարհ կա, բայց հնարավոր է իրականություն դարձնել ակտիվ աշխատանքի ու մեծ ջանքեր ներդնելու պարագայում:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան