Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:
Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն, շաքարավազի շուկայում ոչ միայն արհեստական պակասուրդ, այլև առհասարակ պակասուրդ առկա չէ:
Շաքարավազի ներմուծման գործընթացն ընթանում է բնականոն հունով, արդեն իսկ ներմուծվել են նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:
Հանձնաժողովի աշխատակազմը նաև կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:
Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է գների նվազման միտում: Մասնավորապես, կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը հուլիսին շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է 366 դրամ: Հարկ է նշել, որ շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովն օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում՝ շաքարավազի գների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:
Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանն ապակողմնորոշող մեկնաբանություններից:
Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին՝ տեղեկացնում է ՄՊՀ-ն: