«Մարտունի» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ Վանևան և Տորֆավան համայնքներում սիբիրյան խոցով վարակված 9 հիվանդ:
Մանուկ Երիցյան, «Մարտունի» ԲԿ Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ - Հիվանդների վիճակն այս պահին գնահատվում է բավարարին մոտ: 9 հիվանդն էլ մաշկային ձևով հիվանդներ են:
Հունիսի 26-ից սկսած Գեղարքունիքի և Շիրակի մարզերում անասունների անկման դեպքեր էին գրանցվել: Քանի դեռ պատճառը հայտնի չէր, մարդիկ անասուններին մորթել էին, մշակել, կերել: Կենդանիներից վարակման դեպքեր էին գրանցվել նաև Շիրակի մարզում: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում սիբիրյան խոցով վարակված 8 քաղաքացի:
Աստղիկ Բեյբուտյան, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն - Այս պահին հիվանդների վիճակը գնահատվում է միջինից անցումային թեթև վիճակ: Նրանք դուրս կգրվեն միայն վերքերի լրիվ սպիացումից և լավացումից հետո:
Իսահակյան համայնքը շարունակում է փակ մնալ: Սահմանվել է կարանտին՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
Արմինե Անդրյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի փոխտնօրեն - Փաստացի գյուղում բնակվում է 930 բնակիչ: Մենք որոշեցինք տուն առ տուն առողջապահական ծառայության աշխատակիցների հետ գնահատել բնակչության առողջությունը: Քանի որ հիվանդությունը տարածվում է և՛ շփման ճանապարհով, և՛ օդակաթիլային ճանապարհով, այն արյունային ինֆեկցիա է, մենք, հնարավոր է, ունենայինք և՛ թոքային, և՛ աղիքային, և՛ մաշկային ձևեր:
Ամենաթեթև կլինիկական դրսևորումներն ունենում է մաշկային ձևը և, պարզվեց, այս դեպքում բոլոր վարակվածների մոտ մաշկային ձևն է զարգացել: Վարակվածների մեծ մասը տղամարդիկ են: Նրանք իրականացրել են սիբիրախտով վարակված անասունների մորթը: Վարակված կանայք միսը մշակողներն են եղել: Այդպիսով՝ բոլոր բուժվողները վարակված կենդանու հում մսի հետ շփում ունեցած մարդիկ են: Երևանի գլխավոր վարակաբանն ասում է՝ կենդանիներից վարակվելու դեպքում հիմնականում մաշկային ձևն է զարգանում:
Արշակ Ղազարյան, Երևանի գլխավոր վարակաբան - Տարբերում են նաև թոքային, աղիքային և գեներալզիացված ձևերը, որոնք շատ հազվադեպ են և պրակտիկայում մենք չենք ունենում: Հիմնականում կենդանիների հետ կոնտակտից զարգանում է մաշկային ձևը, որը բուժելի հիվանդություն է և հիմնականում ավարտվում է լավացումով:
Մաշկի վրա սիբիրյան խոցն, ահա, այս տեսքն է ունենում: Այսպիսի սև կեղևով թմբիկն առաջին օրերին պատված չի լինում, սա տեղի է ունենում մոտ երեք օր անց, երբ նաև տվյալ հատվածը մի փոքր այտուցվում է և սկսում ցավել: Վարակաբանն ասում է՝ սիբիրյան խոցի դեպքում մարդը մարդու համար վարակիչ չէ:
Արշակ Ղազարյան - Հարուցիչը մտնում է կենսաբանական փակուղի, և մարդը չի համարվում վարակի աղբյուր, հիվանդը վտանգ չի ներկայացնում շրջապատի համար: Սիբիրյան խոցը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որ արտահայտվում է ջերմությունով, հազվագյուտ՝ ներքին օրգանների ախտահարումով:
Սիբիրախտի աղիքային ձևը մարդու մոտ կարող է զարգանալ միայն այն դեպքում, եթե միսը վատ եփվի կամ, առհասարակ, ջերմային մշակման չենթարկելով ուտեն: Իսկ թոքային ձևն օդի միջոցով է տարածվում, եթե, օրինակ, անկած անասունը չվերացվի, երկար ժամանակ հանրային վայրում մնա: Վարակի թոքային ու աղիքային ձևերը մինչև 100 տոկոս դեպքերում մահացու են՝ բացատրում է Արշակ Ղազարյանը: Դա է պատճառը, որ վերջին օրերին թե՛ Գեղարքունիքի, թե՛ Շիրակի մարզերում անկած կենդանիներին այրում են, թաղում:
Թե ինչպես էր տարածվել վարակը, պաշտոնական վարկած չկա: Առաջին պատճառը կարող է չպատվաստվելը լինել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գեղարքունիքի մարզում բոլոր կենդանիները պատվաստված են եղել, Շիրակում՝ ոչ: Վարակաբանը բացատրում է, որ նաև չափազանց բարձր ջերմաստիճանը կարող է սիբիրախտի տարածման պատճառ դառնալ: Խոտն արևից այրվում է, կարճանում, կենդանին արածելիս շփվում է նաև հողի հետ, որտեղ տարբեր տեսակի վարակներ պահպանվում են հարյուրամյակներով: