Թոշակ-նպաստը հուլիսից Երևան, Վանաձոր, Գյումրիում մարդկանց մեծ մասն անկանխիկ է ստացել։ Հեչ դժվար չէր՝ վստահեցնում են շիրակցի պապիկները․ հերթերից պրծան։
Մարդկանցից բողոքներ, թե՝ չէին հասցրել բանկ ընտրել, քարտ հանել կամ «Հայփոստի» էլեկտրոնային դրամապանակին միանալ, սոցապնախարարությունում շատ քիչ են ստացել։ Բարեփոխման առաջին փուլը, կարծես, սահուն է անցել՝ գնահատում է կենսաթոշակային վարչության պետը։
Անահիտ Գալստյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - 56 հազարից 2-3 հազարն են, որ պատահականություն սկզբունքով վերաբաշխվել է վճարող կազմակերպությունների միջև:
Այն տատիկ-պապիկները, ովքեր իրենք չեն ընտրել թոշակ վճարող կազմակերպությունն ու դեռ չգիտեն՝ հուլիսի գումարը որտեղից ստանալ, կարող են Սոցիալական ապահովության ծառայության ssa.am էջի «Առցանց դիմումներ» բաժնի վերջին սյունակում անձնագրի կամ նույնականացման այլ տվյալ լրացնելով ճշտել՝ ո՞ւր գնան թոշակի հետևից։ Բազայում թոշակառուներից ով բջջային հեռախոսահամար է ունեցել, ծրագիրն SMS-ով տեղեկացրել է։
Թոշակը կանխիկ ստանալ, ինչպես մինչև հիմա, ըստ օրենքի՝ Երևան-Վանաձոր-Գյումրիում կարող են արդեն միայն 75 տարին լրացած անձինք, նաև՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։ Սա փոխվել չի կարող։ Փոխարենը՝ եթե մարդն ուզում է, կարող է փոխել իրեն վճարող կազմակերպությանը, ընտրել, օրինակ՝ տանը մոտ գտնվող բանկոմատ։
Անահիտ Գալստյան - Մեր այն բոլոր թոշակառուները, որ կիմանան, որ կստանան այսինչ կազմակերպությամբ, ինչը տանը մոտ չէ, կարող են այս ամիս ստանալ այդտեղից ու դիմել միասնական սոցծառայության գրասենյակ ու օգոստոսին արդեն ստանալ իրենց ուզածից:
Բանկերի ու «Հայփոստի» հետ Կառավարությունը պայմանավորվել է, որ թոշակ-նպաստի հաշիվներն անվճար սպասարկեն, կանխիկացման տոկոսը նվազագույն չափով լինի։ Մի խնդիր կա․ եթե տնեցիների կամ ծանոթի հետ բանկոմատին չմոտենան, սարքից փող հանելը երիտասարդ թոշակառուների դեպքում՝ գուցե ոչ, բայց տարեցների համար դժվար է։
«Վարժվելու հարց է՝ բջջային օգտագործելուն սովորեցին, չէ՞»,- կատակում են գյումրեցիները։ Կարևորը՝ թոշակը լինի․ բանկոմատների պակաս չկա։
Բանկոմատի խնդիր չունեն ո՛չ Երևանը, ո՛չ Վանաձորը։ Ի դեպ, Հայաստանի մյուս բոլոր քաղաքներում թոշակ-նպաստը կսկսեն անկանխիկ տրամադրել ծրագրի երկրորդ փուլով՝ հունվարից։