Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը «Թալիբանի» զինյալներից հետ են վերցրել առնվազն 14 շրջան: Այս մասին հուլիսի 7-ին Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Աֆղանստանի զինված ուժերի խոսնակ, գեներալ Աջմալ Օմար Շինվարին, հայտնում է EaDaily-ն:
Շինվարին ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում աֆղանական բանակն իրականացրել է 278 հատուկ գործողություն յոթ գավառում: Արդյունքում սպանվել է 2360 զինյալ, վիրավորվել 1412-ը, ձերբակալվել 182-ը, այդ թվում՝ «Իսլամական պետության» ութ անդամ:
Անցյալ շաբաթ «Թալիբան» շարժումը իրականացրել է հինգ մահապարտ-ահաբեկչի հարձակում, 70 պայթյուն, 43 քաղաքացիական անձ է սպանվել, 170-ը վիրավորվել են: Գեներալը վստահեցրել է, որ բանակը լավ պատրաստված է երկրում առկա իրավիճակը կարգավորելու համար:
Ինչպես հաղորդել է EADaily-ն, «Թալիբան» շարժումն ակտիվացրել է հարձակումները Աֆղանստանի ողջ տարածքում ԱՄՆ գլխավորությամբ արևմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին: