Բիզնեսին Պետեկամուտների կոմիտեից զգուշացնում են․ հարկային ծառայողի պահանջներին չենթարկվելու պատիժը խստացվել է։ Քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողը պատասխանատվությունից խուսափելու նպատակով, օրինակ, ստվերն ստուգելու գնացած ՊԵԿ աշխատակցին փորձում է չներկայացնել պահանջած տվյալները: Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի լրացումը խորհրդարանին ներկայացնելիս բացատրել է էդվարդ Հովհաննիսյանը։
Էդվարդ Հովհաննիսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ - Հետևյալ իրավիճակն ունենք. հարկային հսկողության ժամանակ տնտեսվարողը հրաժարվում է փաստաթուղթ ներկայացնել, ինչը խախտում է:
Օրենքի լրացմամբ՝ այժմ արդեն գործարարը չի կարող հաշվապահության թվերն իր ուզածի պես թաքցնել։ Իրավիճակները, որտեղ օրենքը հարկահավաքի շահերն է պաշտպանում, ավելացել են։
Արման Մնացականյան, ՊԵԿ իրավաբանական վարչության պետ - Արդեն պատասխանատվություն է նախատեսված բացի ստուգում աշխատակիցներից նաև այլ դեպքերում:
Այնպես որ հիմա ավելի շատ դեպքերում պետք է իմանալ դեռ նախկինում եղած կարգը․ եթե ՊԵԿ աշխատակցի գործունեությանը խոչընդոտում է ֆիզիկական անձը, տուգանքը 100 հազար դրամ է, պաշտոնատար անձի դեպքում՝ պատիժը հասնում է 250 հազարի։ Նույն արարքը վարչական տույժի մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ երկու անգամ ավելացնում է տուգանքի չափը։
Բիզնեսի զգոնությունը բարձրացնելուն զուգահեռ՝ օրենքի փոփոխությամբ Պեկ-ը նաև, այսպես ասած, կխրախուսի այն տնտեսվարողներին, որոնք հարկայինի պահանջով կներկայացնեն պահանջած տվյալները։ Այդ դեպքում՝ գործարարի հետ միջադեպ-հանդիպումը կավարտվի նվազագույն պատասխանատվությամբ՝ նախազգուշացմամբ, առանց ֆինանսական ակտի։