Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2 րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների գծով՝ 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 333,991,752.6 հազար դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2020 թվականին Կառավարության ծրագրային առաջնահերթություններին ավելացավ նաև համավարակի և պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անհրաժեշտությունը: Ըստ այդմ՝ անխուսափելիորեն պետք է տեղի ունենար առաջնահերթությունների վերանայում:
«Տնտեսական անկման մեծությունը ներկայացված փաստաթղթով 7.6 տոկոս է եղել, որից հետո վիճակագրության վերանայմամբ պայմանավորված՝ այն կազմել է 7.4 տոկոս: Անցյալ տարի, երբ վերանայում էինք բյուջեն, բազմիցս տեսակետներ էին հնչում, որ երկնիշ անկումն անխուսափելի էր: Մեր երկրում այդ պայմաններում անկումը եղել է 7.4 տոկոս»,- ասաց Ջանջուղազյանը:
Նա նշեց նաև, որ սա միայն հայաստանյան առանձնահատկությունը չէ, անկումը բնորոշ է ամբողջ աշխարհին:
«Միջին գնաճը գտնվել է կառավարելի միջակայքում, այն կազմել է 1.2 տոկոս: Աշխատանքի շուկայում կտրուկ փոփոխություններ, զարգացումներ տեղի չեն ունեցել, միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 190 հազար դրամ: Բյուջեի պակասուրդը կազմել է 5.4 տոկոս»,- ասաց Ջանջուղազյանը:
Անդրադառնալով պետական պարտքի մեծությանը՝ Ջանջուղազյանը նշեց՝ պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 969 միլիոն դոլար, որի շրջանակում Կառավարության պարտքը եղել է 7 միլիարդ 509 միլիոն դոլար:
«Չնայած բոլոր քննարկումներին՝ պարտքն իր անվանական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է մեր երկրին բնորոշ բնութագրեր ունեցող երկրների համար որպես կառավարելի միջակայք, այդուհանդերձ, մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի բնագավառում և կարծում ենք, որ առաջիկա 5 տարում մեր տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ մեր պարտքի բեռը նվազի, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ արտաքին պարտքի մեծությունը կազմում է 5 միլիարդ 593 միլիոն դոլար: