Հայաստանում տնտեսությունն սկսում է կայունանալ. 2021 թ. մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.9 %-ով: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերության արտադրանքի թողարկումն աճել է 7.9 %-ով, ծառայությունների ծավալ՝ 17.3 % , առևտրի շրջանառություն՝ 17.6 %: Շինարարության ծավալում աճը շատ չէ՝ 0.5 % է, հակառակ պատկերն է արտահանման դեպքում՝ աճել է 36.7 %-ով, իսկ ներմուծումը՝ 34.5 %-ով:
Գևորգ Պապոյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ - Տնտեսության վերականգնումը, կարելի է ասել, որ բովանդակային առումով որակական է, ինչն արտացոլվում է աշխատատեղերի քանակի ստեղծման մեջ, 645 հազար աշխատատեղ ունենք, որն, առհասարակ, Հայաստանի պատմության մեջ ռեկորդային թիվ է:
Գևորգ Պապոյանը կարևորեց հունվարից մայիս տնտեսական ակտիվության 4.3 % աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օրինակ՝ արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 2.3 %-ով, ծառայությունները՝ 0.9 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 7.4 %-ով, շինարարության ծավալը՝ 14.3 %-ով, արտահանման ծավալը՝ 20.8 %-ով և ներմուծման ծավալը՝ 6.7 %-ով։
Գևորգ Պապոյան - Սա արդեն էականորեն ցույց է տալիս, որ տնտեսությունն ամբողջական վերականգնման փուլում է: Մի կարևոր հանգամանք էլ՝ ԿԲ-ն վերջերս մոտ 3 անգամ ավելացրեց տնտեսական աճի կանխատեսումը, և միջազգային ու մասնագիտական կառույցները համակարծիք են, որ Հայաստանի տնտեսություն ավելի արագ է վերականգնվում, քան կանխատեսվում էր և ավելի բարձր տնտեսական աճ է ունենալու, քան կանխատեսվում է:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ կարծում է, որ կարևոր է հասնել նախագճնաժամային տարվա ցուցանիշին: Ըստ նրա հաշվարկների, որպեսզի 2021 թվականին հնարավոր լինի վերականգնել 2019 թվականի իրավիճակը, Հայաստանին 8 % տնտեսական աճ է հարկավոր:
Հայկազ Ֆանյան, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ - Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ տնտեսական աճն, ամենայն հավանականությամբ, 6.5-8 % միջակայքում կլինի՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով, որոնք, հուսով ենք, ի հայտ չեն գա: Չլինի կոնֆլիկտ, նոր էսկալացիա ու համաճարակի նոր ալիք: Հավանականությունը, որ 2021 թվականին կարող ենք վերականգնել 2019-ի մակարդակը, կա, բայց չենք կարող ասել, որ բարձր է:
Թեև տնտեսական ցուցանիշներում հիմնականում աճ է արձանագրվել, միևնույն է, Հայկազ Ֆանյանը երկնիշ տնտեսական աճ չի կանխանատեսում: Նա չբացառեց, որ 2021 թվականին աղքատության թիվը կավելա՝ կորոնավարակի ու պատերազմի հետևանքով:
Հայկազ Ֆանյան - Մեծ լավատեսությունը չեմ կիսի, բայց, միևնույն ժամանակ, պետք է ասել, որ ոչ միայն հայաստանյան, այլև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հետքովիդյան ժամանակաշրջանում տնտեսությունը բավականին արագ տեմպերով է աճում:
Տնտեսագետներն արձանագրեցին, եթե նոր խոչընդոտները չլինեն, ապա Հայաստանի տնտեսության կշարունակի զարգանալ: