Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց, որ արտահանման սահմանափակումը վերաբերում է խոշոր եղջերավոր անասուններին, ոչխարներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում մշակելու գործում, և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին կաշվից սեփական արտադրությունները զարգացնելու հնարավորություն է ընձեռնվում:
«Ներկայումս ՀՀ-ում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում»,- նշեց նախարարի տեղակալը՝ հավելեով, որ ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողների համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությամբ ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով, և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով:
«Ակնկալվում է, որ արդյունքում ստեղծվելու են 300-350 նոր աշխատատեղեր»,- ասաց Ավանեսյանը:
Այդ արգելքը կգործի վեց ամսով՝ տեղեկացրեց նա: