Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» Պետական եկամուտների կոմիտեի տարեկան կատարողականը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ ՊԵԿ-ն աշխատանքը 2020-ին կազմակերպել է ստեղծված իրավիճակին համապատասխան: Միջոցառումների մի մասն ուղղված է եղել օրինախախտ հարկ վճարողների դեմ պայքարին և ստվերային տնտեսության կրճատմանը: Հարկային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվել են բարեփոխումներ: Իրականացվել է հակաճգնաժամային 5 միջոցառում:
Կառույցը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ուղարկել է մոտ 25 հազար ծանուցում, ստացել՝ 5 հազար բացատրություն: Սեպտեմբերի տվյալների համաձայն՝ եկամուտ-հարկման բազա ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 632 հազար, եկամուտ ապահոված աշխատատեղերինը՝ 636.6 հազար: Համեմատության համար նշվեց, որ այս թիվը 2019-ին պակաս է եղել 18 հազարով:
Հաշվետու տարում համալիր հարկային ստուգումները, վերստուգումներն ու լուծարային ստուգումները 2019-ի համեմատ նվազել են 10.2 տոկոսով: Սա, ինչպես ասաց Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ որդեգրած քաղաքականության շրջանակում է, որի նպատակն է նվազեցնել ստուգումների քանակը և գործել հնարավորինս հասցեական:
2020-ի ընթացքում կառույցն իրականացրել է մոտ 14 հազար թեմատիկ ստուգում, ինչը 2019-ի համեմատ ավելի է եղել 2400-ով կամ 21 տոկոսով: Հաշվետու տարում իրականացվել է 12 հազարից ավելի ՀԴՄ ստուգում, որը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 3100-ով կամ ավելի քան 34 տոկոսով: Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ 2020-ին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385.2 մլրդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝ 22.4 տոկոս:
ՊԵԿ-ի ծախսերը 2020-ին կազմել են մոտ 29.3 մլրդ դրամ, իրականացվել է 10 միջոցառում, կատարողականը կազմել է 28.8 մլրդ դրամ:
Կոմիտեում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ: Գործառույթների կրկնման պատճառով 52-ով կրճատվել է հաստիքների թիվը: