Հայաստանում արևածաղկի բուսական յուղի գնի աճն արհեստական չէ։ Տնտեսագետ Ինգա Ղալայանը բուսական յուղի թանկացումը պայմանավորում է միայն միջազգային շուկայում արձանագրված բարձր գնով։
Ինգա Ղալայան, տնտեսագետ - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները բավական մեծ են եղել ու համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գծով աճի միտում է նկատվում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ձեթն ավելի շատ ներկրվող ապրանք է, գնաճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում տիրող իրավիճակով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռևս հունվարին իրականացրած ուսումնասիրության արդյունքում արձանագրել էր, որ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանն արևածաղկի քիչ սերմ է ներկրել, բերքը նվազել է, դրան գումարվել է նաև ռուբլու արժեզրկումը: Այս ամենի հետևանքով ռուսական շուկայում ձեթի գինը թանկացել է։
Բուսական յուղի ընդհանուր ծավալի 96 %-ը Հայաստանը Ռուսաստանից է ներկրում: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում արևածաղկի բուսական յուղի միջին գինը 2021 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 73,5 %-ով, իսկ 2020 թ․ մարտի համեմատ՝ 11 %-ով։
Ինգա Ղալայան - Մեկ լիտր ձեթի հաշվարկով, եթե նայում ենք, որոշակի պրոդուկտներ կային, որոնք 950 դրամ էին, հիմա արդեն շուկայում այն հատել է 1000 դրամը, իսկ որոշների գծով, նույնիսկ, մոտենում է 2000 դրամի:
«Լուրերը» փորձեց կապ հաստատել նաև ներկրող ընկերությունների հետ, մեծ մասը չարձագանքեց, իսկ ընկերություններից մեկը, որը բուսական յուղ է ներմուծում Իտալիայից, ընդգծեց, որ եվրոպական շուկայում ևս գների տատանում կա:
Լիանա Կիրակոսյան, ընկերության բրենդ-մենեջեր - Նախկինի համեմատ՝ 30%-ով ավելի բարձր գնով ենք ներմուծում իրականացնում, ինչի պատճառով էլ Հայաստանում բուսական յուղի շուկայում գները բարձրանում են:
Տնտեսագետի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համաշխարհային շուկայում ձեթի գինն արդեն հասել է առավելագույնին և, ամենայան հավանականությամբ, մինչև մյուս տարվա սկիզբ կնվազի: