Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում կուլիսներում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, գրում է РИА Новости-ն:
Մայիսի 3-5-ը Լոնդոնում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի արտգործնախարարները:
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը վերահաստատել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անսասան աջակցությունը Ուկրաինային»,- ասված է հայտարարության մեջ:
Նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարարություն էին կանչել Փարիզում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին: Ֆրանսիական կողմին նա բացատրություն է տվել ԵՄ մի շարք երկրների ներկայացուցիչների նկատմամբ Մոսկվայի ձեռնարկած սահմանափակող միջոցների վերաբերյալ: Մեշկովը պարզաբանել է, որ Ռուսաստանը ստիպված էր նման քայլի դիմել Եվրամիության ընդունած որոշումների պատճառով:
Ապրիլի 30-ին Մոսկվան սև ցուցակ է կազմել, որում ընդգրկված Եվրամիության ութ քաղաքացիներին ու եվրոպական կառույցների ներկայացուցիչներին արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Սև ցուցակում են հայտնվել Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Մարիա Սասոլին, Եվրոպական արժեքների և թափանցիկության հանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան, Բեռլինի դատախազության ղեկավար Յորգ Ռաուպախը, ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը:
Դա պատասխան էր մարտի 2-ին ԵՄ-ի սահմանափակումներին, որոնք կիրառվում են Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով: