Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել իր մասին գրառում կատարած Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուին, գրում է ermenihaber-ը:
Ընդդիմադիր գործիչը շարունակ հետապնդումների է ենթարկվում և ստեղծված համակարգի գլխավոր մեղավոր է համարել Էրդողանին։ «Իմ միակ ցանկությունն է, որ մի օր դատվեք հանցագործության՝ հայրենիքի դավաճանության համար: Դրա շնորհիվ ոչ ոք նման հանցագործություններ չի կատարի»,- գրել է Այքութ Էրդողդուն։
Գրառումը մեծ աղմուկ է առաջացրել իշխող կուսակցության շարքերում, և կառավարության մի շարք անդամներ ու կուսակցական գործիչներ այն համարել են Էրդողանին գնդակահարելու ուղղակի ակնարկ:
Թուրքիայի նախագահի փաստաբաններն էլ արդեն հայց են ներկայացրել դատախազություն՝ պահանջով դատավարություն սկսել ընդդիմադիր պատգամավորի դեմ՝ նշանակելով նաև 250 հազար լիրայի փոխհատուցում: Հայցի հիման վրա արդեն հետաքննություն է սկսվել: