Հրթիռակոծման է ենթարկվել Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի կողմից շահագործվող ռազմաբազան, հայտնում է Interfax-ը: Ըստ տեղեկությունների, թիրախի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ, որից մեկն ընկել է բազայի թռիչքուղու մոտ, վիրավորվել է մի իրաքցի աշխատակից:
Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին» պարբերաբար թիրախավորվում է ինքնաշեն կայանքներից: Տարածքում գործում են պետական գրասենյակներն ու դեսպանատները, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանը, որին մոտ է ռազմական օդանավակայանը:
Իրաքի տեղական հեռուստաալիքների տվյալներով` ութ հրթիռ է արձակվել Բաղդադի ուղղությամբ: Նրանցից երեքն ընկել են տեղական օդանավակայանի հարակից տարածքում, մեկը պայթել է Ալ-Կարխ կենտրոնական բանտի մոտ, երկրորդը՝ Հակաահաբեկչական ծառայության ակադեմիայի դատարկ բակում, իսկ երրորդը` Իրաքի արագ արձագանքման գնդի շտաբի մոտ: Ըստ իրաքյան կողմի՝ զոհեր չկան:
Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը: