ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցության հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանը սահմանված ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը՝ ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է: Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ ձեզ դրա մասին տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինի նաև համաձայնություն չտալու հիմքերը:
Օրեր առաջ ռուսական РБК գործակալությունը, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանի մասնակցության հարցը կախված է Հայաստանից, իսկ հայկական կողմի աղբյուրը փոխանցել էր, որ պաշտոնական Երևանը հստակ նախապայմաններ ունի՝ գերիների վերադարձ և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում:
Մհեր Գրիգորյան - Ինչ վերաբերում է նախապայմաններ դնել կամ չդնելուն, նախապայման դնելու համար պետք է նաև հայտնեք՝ ո՛ւմ առջև դնենք այդ նախապայմանները: Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, կարծում եմ կամ հուսով եմ, որ լուծումներ կլինեն:
Գերիների վերադարձը Հայաստանի համար ամենակարևոր հարցն է, և ցանկացած առիթ օգտագործում են հարցը բարձրացնելու համար՝ նշում է Գրիգորյանը: Տարածքների ապաշրջափակման առումով աշխատանքները շարունակվում են: Այդ հարցով զբաղվում են փորձագիտական ենթախմբերը, ուսումնասիրելու շատ բան կա՝ ընդգծում է փոխվարչապետը: Գրիգորյանը համակարծիք է վարչապետ Փաշինյանի հետ, որ Ադրբեջանը կարող է որդեգրել ապակառուցողական դիրքորոշում՝ Հայաստանի կոմունիկացիոն պպաշրջափակումը խաթարելու համար:
Մհեր Գրիգորյան - Չեմ բացառում նման ռիսկեր, չեմ էլ կարող բացառել, որովհետև, իրոք, քննարկումներ եղել են, և սա սկիզբն է քննարկումներ, և որ պահին ի՛նչ տեղի կունենա, դժվար է կանխատեսել, և այն ռիսկերի մասին, որ խոսում է վարչապետը, այո՛, իհարկե, գոյություն ունեն, բայց պետք է աշխատել ինտենսիվ, և ինչքան ինտենսիվ լինի աշխատանքը, էնքան ավելի արագ ու հստակ կլինի, թե ի՛նչն են մեր անելիքները, և ի՛նչ հնարավորություններ կան այդ հարթակում, ի՛նչ խնդիրներ կարող են լինել:
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի հայկական կողմը ղեկավարող Մհեր Գրիգորյանը Զանգեզուրում միջանցք ունենալու Բաքվի նկրտումներին է անդրադառնում, պնդում՝ նման հարց չի քննարկվել:
Մհեր Գրիգորյան - Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց՝ էն կոնտեքստում, որ դուք ձեր հարցի մեջ ենթադրում եք: Այո՛, «միջանցք» բառ ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց էդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց:
Երեք երկրների փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը դեռ մարտին պետք է ամփոփ զեկույց ներկայացներ, սակայն, աշխատանքները դեռ շարունակվում են, թե ինչքա՛ն՝ կախված է փորձագիտական եզրակացություններից: Գրիգորյանի խոսքով՝ միայն զեկույցից հետո հնարավոր կլինի հստակ որոշումներից խոսել: