Երևանում մեկնարկել է տեխնոլոգիաների և ստարտափերի իրանական ցուցահանդեսը: Ներկայացված են Իրանի արդյունաբերության տարբեր ոլորտները՝ բժշկական սարքավորումներից մինչև դեղագործություն, նանոտեխնոլոգիաների արդյունաբերություն, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ և շինարարական արդյունաբերություն:
Ցուցահանդեսը կազմակերպել է Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնը: Պատվիրակության կազմում են իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Իրանցի գործընկերները Երևան են ժամանել հայ գործընկերների հետ առևտրատնտեսական ոլորտին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:
Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանի լաբորատորիաներին, բժշկական հաստատություններին ու այլ կազմակերպությունների հրավիրում ենք իրանական արտադրության որակյալ և մատչելի սարքավորւմներ ձեռք բերել: Սա լավ հնարավորություն է: Իրանը վերջին տարիներին զգալիորեն բարելավել է իր արտադրանքի որակը՝ հատկապես բժշկական ոլորտի սարքավորումների:
Ավագ Ավանեսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք պետք է գտնենք այն տեղերը, որտեղ Իրանի և հայ ժողովուրդը կարողանում են համագործակցել, ստեղծել ավելացած արժեք և բերել համատեղ առաջընթացի: Մարդկային կապերը և մարդկային վստահությունը առաջնային է այդ հարաբերությունների համար: Ուստի էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ավելացնել Իրանից նման այցերը Հայաստան և հակառակը, որպեսզի ծանոթ լինենք իրար, այն ընկերություններին, որոնց հետ կարող ենք համագործակցել:
Հեղինակ՝ Ռուզաննա Վարդերեսյան