Գյուղատնտեսական սեզոնը բացվելուն պես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները գյուղացու հետ դաշտ դուրս կգան: Կհաշվեն ու կչափագրեն՝ ում այգուն ոռոգման ինչ համակարգ ու որքան ջուր են պետք: Ուսանողներն արդեն հմտացել են համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական կենտրոնի վերջին սերնդի սարքերով ու կրթական նոր մեթոդներով:
Գուրգեն Եղիազարյան (ՀԱԱՀ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ) - Տեսեք՝ մենք ունենք 4-5 գործիք, ամեն գործիքին կցելով 4-5 ուսանողներ, մի դասախոս՝ դուրս ենք գալու և հետազոտելու ենք տարբեր աշխատանքներ՝ ջրաչափության հետ կապված, հողերի մշակության հետ կապված, չմշակվող հողերի բացահայտման:
Համալսարանը ձեռք է բերել սարքեր, որոնք աշխատում են նույնիսկ արբանյակային կապով: Էլեկտրոնային ջրաչափերով ու կաթիլային ոռոգման համակարգերով ուսանողները գործնականում կփորձեն կառավարել նաև ջրային ռեսուրսը: Վերջին սերնդի սարքերով վերազինվել են քիմիայի, սննդի անվտանգության լաբորատորիաները: Փորձաքննության մի սարքով ուսանողներն արդեն կարողանում են միանգամից մի քանի հետազոտություն անել:
Մանվել Բադալյան (ՀԱԱՀ կենսաբանության, կենսատեխնոլոգիաների ամբիոնի վարիչ) - Այս սարքի միջոցով և՛ անտիբիոտիկների, և՛ թունաքիմիկատների, և՛ պեստիցիդների, ինչ որ հետաքրքիր ա այս պահի դրությամբ մարդկությանը, հնարավոր ա որոշել:
Վերազինվել ու նոր տեխնոլոգիաներով է գործում նաև ուսումնափորձնական ջերմատունը: Նախկին մեթոդներով գյուղատնտեսություն չի զարգանա՝ վստահ է համալսարանի ռեկտորը: Եթե հիմա ուսանողները նորագույն տեխնոլոգիաներով աշխատել չսովորեն, Հայաստանի գյուղատնտեսությունը հետագայում շատ է հետ մնալու այլ երկրներից:
Վարդան Ուռուտյան (ՀԱԱՀ ռեկտոր) - Ուսանողը չպետք է լսարանում սովորի ագրոնոմի, չպետք է լսարանում սովորի գինեգործություն: Այս առումով մենք ամբողջ ուսումնական միջավայրը փոխում ենք, որպեսզի շեշտը դնենք պրակտիկ ուսումնասիրություններին:
Երկրի գյուղատնտեսությանը ոչ միայն նոր սերնդի տեխնոլոգիաներում հմտացած կադրեր են պետք, այլև նոր մասնագիտություններ: Այժմ երկրում պահանջված են ագրոնոմները, պարենամթերքի ու սննդամթերքի մասնագետները:
Վարդան Ուռուտյան - Համալսարանում արդեն նոր մասնագիտություններ ենք ներդրել, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսություն, կայուն գյուղատնտեսություն, սննդամթերքի անվտանգություն և առաջիկայում նոր մասնագիտություն կունենանք ագրարային ճարտարագիտության ոլորտում:
Առաջիկայում նախատեսվում է հիմնել ագրոճարտարագիտության գերազանցության կենտրոն՝ 12 նոր լաբորատորիայով: