ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր 2019 թ. պետական բյուջեի կատարողականի ժամանակ անդրադարձավ Հայաստանում պարենային անվտանգությանը: Նախարարը նշեց․ «Մենք ունենք բազմաթիվ ուղղություններ, որտեղ ինքնաբավ գյուղատնտեսություն ենք վարում՝ բուսաբուծության, բանջարաբոստանային, պտղատու այգեգործության դեպքում։ Մրգերի, բանջարեղենի դեպքում ունենք ինքնաբավության աստիճան։ Ունենք որոշակի քանակություն, որ վերամշակմամբ կամ առանց վերմշակման կարող է արտահանվել, ինչը տեղի է ունենում»,- ասաց Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ ցորենի պաշարը ապահովվում է նաև ներկրման հաշվին: Ըստ նախարարի՝ խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում ինքնաբավությունն ամբողջական է։ Նախարարը նաև նշեց, որ ԵԱՏՄ անդամ ենք, և ընդհանուր տնտեսական տարածքը, միջազգային համագործակցությունը նաև վստահության հիմք է, որ պարենային ապահովության խնդիրները մեզ համար ընդհանուր խնդիր են։
Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսական նշանակության հողերի մշակմանը, ասաց՝ այդ հարցում պետք է իրականացվեն թիրախային միջոցառումներ, որպեսզի հողերի օգտագործումը միասնաբար դառնա ավելի շահեկան։ Նշեց՝ մարդիկ այդ օգուտները կարող են գնահատել, երբ գործի խոշորացված եղանակով հողերի օգտագործումը։ Նախարարը չհերքեց՝ կարող են բերվել բազմաթիվ օրինակներ, որ փոքր հողակտորի վրա նույնպես հնարավոր է արդյունավետ գյուղատնտեսություն վարել։ Շեշտեց՝ ջերմատները, օրինակ, առանձին տնտեսությունների համար ապահովում են տնտեսական արդյունք։
Նախարարի խոսքով՝ շատ չեն այն տնտեսությունները, որոնք կարողանում են այդ անցումը կատարել։ Նախատեսում են այդ ոլորտին վերաբերող երկու օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացնել ԱԺ։