Կենտրոնական բանկը ներդրողներին հորդորում է զգոն լինել՝ «G Class invest» բրենդային անվանմամբ ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող արժեթղթերի հրապարակային առաջարկի առնչությամբ։ ԿԲ-ի փոխանցմամբ՝ ընկերությունը չունի նման առաջարկ ներկայացնելու համար գրանցված փաստաթուղթ և ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս։
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ստացված ազդակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «G Class invest» բրենդային անվանմամբ (կայք՝ www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊ ընկերությունը 1 (այսուհետ՝ Ընկերություն) հանդես է գալիս «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված արժեթղթերի ձեռքբերման հրապարակային առաջարկով:
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից չի գրանցվել որևէ փաստաթուղթ, որի հիման վրա Ընկերությունը ներկայացնում է նմանատիպ առաջարկ, ինչպես նաև Ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ներդրողներին հորդորում ենք զգոն լինել և ՀՀ տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկից օգտվելու դեպքում՝ նախքան հրապարակային եղանակով առաջարկվող արժեթուղթ ձեռքբերելը, համոզվել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան ազդագրի գրանցված և հրապարակված լինելու հարցում, և/կամ օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից կամ կարգավորման դաշտում գործող ընկերություններից:
Արժեթղթերի հրապարակային առաջարկ իրականացնող կազմակերպությունների ցանկին և համապատասխան ազդագրերին կարող եք մշտապես ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնում, իսկ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը ներկայացված է նույն բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:
Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը կոչ է անում կապիտալի շուկայից դրամական միջոցներ ներգրավելու նպատակով արժեթղթերի հրապարակային առաջարկ իրականացնելու մտադրություն ունեցող անձանց գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության (այդ թվում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի) պահանջներին համապատասխան և ձեռնպահ մնալ ներդրողների օրինական շահերի պաշտպանությունը վտանգող և վերջիններիս համար ֆինանսական ռիսկեր ստեղծող ցանկացած հնարավոր վարքագծից։ Օրենսդրությամբ սահմանված պահանջների չկատարումը, ներառյալ առանց համապատասխան լիցենզիայի, թույլտվության կամ գրանցման գործունեություն իրականացնելը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Կենտրոնական բանկը շարունակելու է ոլորտի հետևողական վերահսկողությունը և խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։