Հարավի ձորի լռության մեջ մեկ աքաղաղի ձայնն է լսվում, մեկ հաստոցի, նուռը քամում՝ գինի ստանում: Արաքսի ափամերձ Ալվանքի մասին ավելի շատ իմացան, երբ համացանցում հայտնվեցին փոքրիկ գինետան լուսանկարները:
Փոքր տարածքում Հասմիկը որդու հետ երկու տարի առաջ գյուղ այցելողներին իրենց պատրաստած գինին էին հյուրասիրում, փոքրիկ հավաքներ կազմակերպում: Երբեք չեն մտածել գինու ծավալը մեծացնել, վաճառքի հանել: Մտածում էին հին, պապենական տակառները նորից գինով լցնել, հնեցնել; Հյուրերը համտեսում, երբեմն էլ ուզում էին գնել: Տանտերերը գին չէին սահմանում, մարդիկ սկզբում վճարում էին ըստ ցանկության:
Տան կողքի փոքրիկ այս անկյունը գնել էին, լավաշի փուռ բացել; Բայց որդին առավել համառ էր՝ դարձրին գինետուն: Գյուղը, հարակից շրջանները հարուստ են նռան տեսակներով; Քաղցր, գյուլաշա, կիսաթթու տեսականու փնջից ստանում էին առաջին համտեսի գինին: Հետո որոշեցին միայն գինի ստանալ գյուլաշայից՝ տարածաշրջանի եզակի նռից:
Կյանքի հինգերորդ տասնամյակում որոշել էր գնալ գյուղից, բայց հավատն է պահել՝ մնա և ապացուցի, որ հնարավոր է ոչնչից ունենալ ամեն ինչ, նույնիսկ՝ սահմանին; Իրենից բացի, գյուղացիներն էլ սկսել են նոր այգիներ հիմնել; Գիտեն՝ գինետունը կգնի, եկամուտ կունենան:
Հասմիկ Մովսիսյան - Պետությունը գյուղացու կողքին կանգնած է: Այսօր դժվար է գումար վաստակել, պետք է աշխատասիրություն ունենաս, նպատակասլաց լինես:
Դեռ ոչ մեծ ծավալով, բայց իրենց գինին սպառվում է; Երկար են մտածել՝ շշլացնե՞լ, թե՞ վաճառել փոքր տակառներով: Ի վերջո, գտան շշի ձևը՝ ոչ մեծ, ոչ փոքր; Տան տիկինը վստահեցնում է՝ ամառ, թե ձմեռ այստեղ տաք է, ժպիտն անսպառ, եթե նույնիսկ այցելու չկա:
Տնակից դուրս նոր նպատակներ են՝ հյուրատուն ունենալ, գուցե թաղամաս՝ մի քանի տներով: Շատ ծրագրերի է դիմել, գուցե աջակցություն լինի, ինքն էլ կգնի հարակից տները: Կնորոգի, բայց չի փոխի ճարտարապետությունը: Հարավի ճաշատեսակներն էլ հաստատ համեեղ են՝ դդումով, ավելուկով, լոբով; Օրն սկսում, ավարտում է այգում՝ մտածում է միայն, թե ինչպես բարեկարգի տարածքը:
Հասմիկ Մովսիսյան - Գուցե հետագայում իմ երեխաները ցանկանան տուն ունենալ քաղաքում, բայց ես արմատներս խորացրել եմ, նպատակ չունեմ ոչ մի տեղ գնալու:
Որպեսզի հարավի Ալվանքը միշտ մարդաշատ լինի, ինքն է հրավիրում, հյուրասիրում, ապահովում գիշերակացով: Եթե նույնիսկ գյուղում ապրելը շատերի համար չէ, տիկին Հասմիկը խորհուրդ է տալիս գալ՝ թեկուզ խաղաղ լռության հետևից՝ հարավի ձոր, Արաքսի ափ: