ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում անդրադարձավ պատերազմի վերջին օրերին տիրող իրավիճակին: Նա ներկայացրեց գնդապետ Գրիգորի Սահակյանի զեկուցագիրը: Ըստ Հարությունյանի՝ գնդապետը պետք է ուղեկցեր Հայաստանից եկած երկու ստորաբաժանում, բայց զեկուցել է, որ հրաժարվել են Շուշիի պաշտպանությանը մասնակցելուց: «Մինչդեռ պլանավորված կարևոր օպերացիա էր նախատեսված։ Չհասած դիրքեր՝ նրանք հրաժարվել են»,- ասաց Հարությունյանը։
Արցախի նախագահն անդրադարձավ նաև իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին: «Ո՞վ է ծախել հողը: Ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել․ դավաճան չփնտրե՛ք։ Այն կանայք, որոնք արդեն Ֆեյսբուքով սկսել են իրենց վայրահաչոցն իմ նկատմամբ և մնացած այլ ղեկավարների նկատմամբ, բացի զոհվածների հարազատներից (նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան), ձեր ամուսիններին, ձեր տղաների տեղն են ման գալու, որտեղ են եղել։ Իհարկե, մի մասը եղել են առաջնագծում, իրավունք ունեն, մի մասը կռվել է։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել՝ թող հատ-հատ ներկայացնեն իրենց տղաների, իրենց եղբայրների, իրենց մասնակցությունը։ Նկարվելը չեմ ասում»,- ասաց ԱՀ նախագահը։
Հարությունյանի խոսքով՝ ում հարցնում են՝ եղել են Օմարում։ Նշեց, որ Օմարում շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր և շնորհիվ զինվորականների՝ հաջողության հասել:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու վերջում զինադադար կնքվեց: Ըստ Արցախի նախագահի՝ պարտավոր էին, քանի որ մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին։
«Երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում, ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էր մնացած մեր աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Ստեփանակերտը պահողները կամ կային ընդամենը մեկ-երկու հարյուր հոգի․ 6000-ից ավել զորքին մենք պետք է դրանո՞վ դիմակայեինք։ Իսկ եթե Ստեփանակերտը գրավեին, հետո ընդամենը մի քանի կիլոմետրից շրջափակում էին մեր ամբողջ զորքը՝ 18-20 տարեկաններին, որոնք գտնվում են Մարտունիում, Կարմիր Շուկայում և այլն։ Հարցրեք զինվորականներին, թե ով է իրենց դավաճանել. դավաճանել ենք ազգովի։ Օգնություն ցուցաբերել են՝ գոհ ենք բոլորից էլ, դավաճանել են, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 6, 7, 8 պետության դեմ։ Այո´, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ զոհվածների առջև, խոնարհվում եմ 18-20 տարեկանների առջև, որոնք մինչև այսօր պաշտպանում են մեր սահմանը»,- ասաց ԱՀ նախագահը։
Հարությունյանն ընդգծեց, որ երկրի նախագահի տեղը առաջնագիծը չէ, Հադրութ քաղաքը չէ, որտեղից 1500 հոգի փախչում էին ընդամենը մի քանի դիվերսանտի առաջ։ ԱՀ նախագահն ասաց, որ գնացել և աղաչել է, որ պետք է գնան, պետք է ամբողջությամբ ոչնչացնեն այդ խմբավորումները, որպեսզի հեշտ լինի։
ԱՀ նախագահը նաև նշեց, որ ժամանակին տարհանել են Ստեփանակերտը. ստիպված էին, որ քաղաքացիական զոհեր քիչ լինեին, և դա հաջողվել է, բայց ԱՀ նախագահը նաև ասաց, որ դավաճան են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը և թաքնվել Երևանում, իսկ այսօր մեղավորներ են փնտրում։