Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արցախցիներին կոչ է արել վերադառնալ հայրենիք:
«Բոլորիդ խնդիրները լուծվելու են, կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ: Այս երկու օրվա ընթացքում մենք ենթակառուցվածքների հարցը կլուծենք, ջրի, հոսանքի, կփորձենք նաև գազի հարցը լուծել: Ուզում եմ վստահեցնել՝ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղերձում:
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների խնդիրներին՝ վստահեցնելով, որ Արցախի իշխանությունը պատրաստ է առաջին փուլով Երևանում, հնարավորության դեպքում՝ Արցախում, ապահովել նրանց նվազագույն սոցիալական, կենցաղային և բնակարանային պայմանները:
Արայիկ Հարությունյանը Հայաստանում գտնվող արցախցիներին կոչ արեց նաև հեռու մնալ քաղաքական ընդվզումներից ու չմասնակցել հանրահավաքներին:
«Երևանի փողոցներում մի մասնակցեք այդ գործընթացներին, դա հարիր չէ ղարաբաղցիներին: Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, հանգիստ եղեք»,- շեշտեց Արցախի նախագահը: