Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար, ներկայումս «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական ճնշում է գործադրում անկախ կազմակերպությունների վրա, ուստի հրապարակվող տնտեսական տվյալները արժանահավատ լինել չեն կարող։
Բաբաջանը համոզված է, որ Թուրքիան գնալով պարփակվում է իր մեջ ու փոքրանում, այն այլևս բաց չէ բոլորի առջև և չունի ինքնավստահություն։ Նա Թուրքիային նմանեցրել է 200 բնակարանից բաղկացած շենքում ապրող մեկին, որը մյուս բոլոր 199 բնակարանների բնակիչներին համարում է իր թշնամին։
Այդ իսկ պատճառով, ըստ նախկին փոխվարչապետի, Թուրքիան առաջնորդվում է վախեցնելու, արգելելու սկզբունքով, փորձում է վախեցնել թե՛ իր քաղաքացիներին, թե՛ օտարներին։
Ալի Բաբաջանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե 2013-ին Թուրքիայի համախառն ազգային եկամուտը կազմում էր 950 մլրդ դոլար, ապա այս տարի այն կազմել է 650 մլրդ դոլար։ Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 12.500 դոլարից նվազել է 7.500 դոլարի։