Կիևում ԱՄՆ նախկին երեք դեսպաններ Սթիվեն Պիֆերը, Ջոն Հերբստը և Ուիլյամ Թեյլորը, NPR-ի հրապարակման մեջ առաջարկել են կորոնավիրուսային համաճարակը օգտագործել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և Ղրիմն Ուկրաինային «վերադարձնելու» համար:
Ըստ հեղինակների՝ COVID-19 պանդեմիան «անսպասելի հնարավորություն է տալիս» վերջ տալ հակամարտությանը Ուկրաինայում: ԱՄՆ նախկին դեսպանները նշել են, որ կորոնավիրուսի տարածմամբ և նավթի գների անկմամբ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է հանդես գան Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու առաջարկով, եթե դադարեցվի հակամարտությունը Ուկրաինայում: «Կորոնավիրուսային ճգնաժամը կարող է ստիպել Կրեմլին համաձայնության գալ»,- ենթադրում են նրանք:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը թույլ չեն տվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ ընդունել Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը կոչ էր անում վերացնել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պետություններին կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ղրիմը Ռուսաստանի մարզը դարձավ 2014-ի մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո: Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր տարածքը, որը ժամանակավորապես բռնագրավված է: Ռուսաստանի ղեկավարությունն էլ բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, հետևելով միջազգային օրենսդրությանն ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը, քվեարկել են Ռուսաստանին վերամիավորվելու օգտին: Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի հարցը «ամբողջովին փակված է»: