«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն երեկ դիտարկել է Արցախի 49 և Երևանի 1 ընտրատեղամասերը: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնեց միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկները լուսանկարելու բազմաթիվ դեպքեր: Ըստ նրա՝ եղել է նաև վարչական ռեսուրսի կիրառում՝ բարեգործության անվան տակ:
Դ.Իոաննիսյանը նշեց, որ դեռ երկու տարի առաջ կանխատեսելի չէր, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, և հենց դա էր մասնակցության մեծ թվի պատճառը, մարդիկ հասկանում էին, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է:
Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգողը, պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարեց, որ Արցախում կայացած ընտրությունները չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվարին կայացած ընտրությունների հետ, համեմատության որևէ եզր չկա: